Հակոբը քաղաքական ու ազգային բանտարկյալ է․ Ռուբեն Մելիքյանը՝ Հակոբ Պէրպէրյանի մասին
Երեկվանից շատերն են խոսում հայրենադարձ կամավորական Հակոբ Պէրպէրյանի (Բերբերյանի) մասին, որը տևական ժամանակ է՝ ինչ բանտարկված է «նոյեմբերի 9-ի» հայտնի գործով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ու շարունակում․
«Տեղեկացնում եմ, որ հաշվի առնելով մեծ հանրային պահանջը, այսօր հանդիպել եմ Հակոբի փաստաբանին՝ հանրային պաշտպան Fred Sargsyan-ին և երկար քննարկում եմ ունեցել գործի ընթացքի ու մանրամասների մասին։
Այս պահին չեմ ցանկանում ձեզ ծանրաբեռնել դետալներով։ Փոխարենը կներկայացնեմ իմ հստակ եզրահանգումը. Հակոբը քաղաքական ու ազգային բանտարկյալ է։ Նրա նկատմամբ իրականացվում է ուղղորդված ու ապօրինի քրեական հետապնդում, որի նպատակը Հակոբին տևական ժամանակով բանտարկված պահելն է։
Միայն կնշեմ մեկ փաստ. դեռևս 2020-ի նոյեմբերի 25-ին առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է Հակոբին կալանավորելու միջնորդությունը (այո՛, հենց Ֆարխոյանը!!!)։ Շուրջ երկուսուկես ամիս Հակոբը մնացել է ազատության մեջ և որևէ ապօրինություն չի կատարել, որևէ կերպ չի խուսափել քննությունից կամ խոչընդոտել դրան։ Սակայն երբ հունվարի վերջերին կապիտուլյանտը ԲԴԽ գործուղեց ապօրինագիտության ու պատվերագիտության գծով հայտնի «գիտնական» Ջհանգիրյանին, դատարանները կտրուկ փոխեցին իրենց վարքագիծը. նախ, հայտնի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանեց Հակոբին ազատության մեջ թողնելու որոշումը և գործը հետ ուղարկեց առաջին ատյան, ապա նույնքան հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց երկուսուկես ամիս քննությանը ոչ մի կերպ չխոչընդոտած կամավորականին կալանավորել, վերջում էլ վերաքննիչի դատավոր Լուսինե Աբգարյանը ապօրինություն չտեսավ այդ ամենում ու Հակոբին թողեց բանտարկված։
Այս ընթացքում փաստաբան Ֆրեդ Սարգսյանը, Հակոբի պաշտպանությունն իրականացնելիս, դրսևորել է բարձր պրոֆեսիոնալիզմ ու մեծ ջանասիրություն։ Սակայն եթե գործ ունես «թուրքական պատվերի» հետ, ապա այդ ամենը ցավոք բավարար չէ։ Ուստի անհրաժեշտ է Հակոբի գործը մշտապես պահել հանրային ուշադրության կենտրոնում։
Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն պատերազմի ողջ դժոխքը (Ֆիզուլիից Շուշի) անցած մարդուն, առաջին գծում 44 օր կենաց-մահու կռիվ տված մարդուն «թուրքական պատվերով» բանտարկելուն, կարող են միանալ Հակոբի ազատության ու արդարացման համար մեր պայքարին։
Ով-ով, բայց Հակոբը ԼԻԱՐԺԵՔ իրավունք ուներ նոյեմբերի 9-ին պատասխաններ պահանջելու կապիտուլյանտից։ Ովքեր համաձայն են այս պնդմանը, նույնպես կարող են միանալ Հակոբի ազատության ու արդարացման համար մեր պայքարին։
Փաստաբան Ֆրեդ Սարգսյանի հետ պայմանավորվել ենք առաջիկայում հանդես գալ ասուլիսով՝ Հակոբի գործի հետ կապված խայտառակ ապօրինությունները հանրությանը ներկայացնելու համար։
ՀԳ. Բանտարկությունը չի փոխել Հակոբին. նույն ուղղամիտ և շիտակ Հակոբն է։
ՀՀԳ. Նշված դատավորներին՝ ամո՛թ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան