Ստրասբուրգի հայազգի քաղաքապետի՝ մզկիթի կառուցման ֆինանսավորման որոշմամբ հարուցած սկանդալը չի դադարում
Ստրասբուրգի քաղաքապետարանի ու հայկական արմատներով քաղաքապետ Ժանն Բարսեղյանի կողմից ընդունված որոշումը՝ 2.5 մլն եվրո հատկացնել «Milî Görüs» (Միլի Գյորուս) ասոցիացիային մզկիթի կառուցման համար, շարունակում է քննադատվել։
Ֆրանսիայի Դրանսի համայնքի մահմեդականների հոգևոր առաջնորդ (իմամ) Հասեն Չալղումին պահանջում է լուծարել «Milî Görüs» կազմակերպությունը, հայտարարելով, որ այն պաշտպանում է քաղաքական իսլամը, և ոչ թե մահմեդականներին:
Հոգևոր առաջնորդն այստեղ տեսնում է Թուրքիայի կողմից միջամտությունը: Ասոցիացիան, որը կառավարում է 70 մահմեդական աղոթատեղիներ Ֆրանսիայում, ներկայացված է որպես Անկարայի կառավարությանը և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մտերիմ, և այն պաշտպանում է թուրքական իսլամի գաղափարախոսությունը։ Այս մասին գրում է cnews-ը։
«Դա հոգևոր իսլամ չէ, դա նվաճման, քաղաքական իսլամ է։ Դա սադրանք է: Սա նույն քաղաքականությունն է, ինչ Ստամբուլում, երբ Սուրբ Սոֆիայի տաճարը դարձավ մզկիթ», - դատապարտել է իմամը Ստրասբուրգի քաղաքապետարանի որոշումը։
Հասեն Չալղումը կառավարությանը կոչ է արել լուծարել Միլի Գյորուսը՝ համաձայն արմատականության և անջատողականության մեջ մեղադրվող այլ միավորումների դեմ ընդունված որոշումների:
Իմամը նաև դատապարտել է Միլի Գյորուսի կողմից սոցիալական ցանցերում իր հեռախոսահամարի հրապարակումը, որի արդյունքում նա ստանում է բազմաթիվ սպառնացող զանգեր:
«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես է Ստրասբուրգի պես մի քաղաք, որը տուժել է ահաբեկչությունից (5 զոհ` Սուրբ ծննդյան շուկայում 2018 թ. դեկտեմբերի 11-ին․-խմբ․), կարող է լինել իսլամական-քաղաքական կազմակերպությունների, օտարերկրյա կազմակերպությունների, Էրդողանին ծառայող կազմակերպությունների հանցակից, մարդ, որը սպառնում է Ֆրանսիային, կոտորում քրդերին: Դա վիրավորանք է ահաբեկչության զոհերի հասցեին»,- ասել է իմամը:
Հիշեցնենք նաև, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանենն հայտարարեց, որ Ստրասբուրգի քաղաքապետարանը չպետք է նման որոշում կայացներ, իսկ մզկիթի նախագիծը Ֆրանսիայի տարածքում օտարերկրյա միջամտություն է անվանեց։ Դարմանենը նաև նշել էր, որ կազմակերպությունը իրավունք չունի ներկայացնելու իսլամը Ֆրանսիայում, քանի որ չի ստորագրել Ֆրանսիայի Հանրապետության արժեքների ճանաչման մասին խարտիան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան