Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնում շարունակել կառուցողական երկխոսությունն ընդդիմության հետ
«Մենք վերահաստատում ենք կառուցողական երկխոսությունը շարունակելու և հնարավորինս շուտ համաձայնության գալու մեր պատրաստակամությունը։ Մենք կլինենք արդյունքին կողմնորոշված կողմ, որը կոնկրետ որոշումներ կկայացնի», - այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է վրացական Առաջին ալիքը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ իշխող թիմը բարձր է գնահատում Եվրամիության միջնորդությունը, որը կենտրոնացած է իրավիճակի լիցքաթափման և քաղաքական գործընթացները բնականոն ռեժիմի անցկացնելու վրա:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, Իրակլի Ղարիբաշվիլին և Քրիստիան Դանիելսոնը քննարկել են այն հարցերը, որոնց շուրջ կարծիքների տարաձայնություններ կան իշխող թիմի և ընդդիմության միջև: Ընդգծվել է օրենքի գերակայության կարևորությունը և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի գնահատականը, որ խորհրդարանական ընտրությունները եղել են ազատ և արդար:
«Հանդիպմանը մեկ անգամ ևս ընդգծվեց, որ բոլոր կողմերի համար կարևոր է առաջնորդվել վրաց ժողովրդի և երկրի շահերով և քայլեր ձեռնարկել փոխզիջումնային որոշման ուղղությամբ, որն ուղղված է քաղաքական գործընթացը խորհրդարան տեղափոխելուն:
Վարչապետը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց Քրիստիան Դանիելսոնին և նախագահ Շառլ Միշելին քաղաքական երկխոսությունը միջնորդելու համար, նշելով, որ դա վերահաստատում է Եվրամիության ուժեղ հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ, ինչը մեծ պատասխանատվություն է դնում գործընթացի բոլոր դերակատարների վրա»,- նշված է վարչապետի մամուլի ծառայության տեղեկության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան