Փաշինյանը փոխանակ զինվորի աշխատավարձը բարձրացնի, սեփական անձեռնմխելիությունն ապահովողի աշխատավարձն է բարձրացում. Պետրոսյան
«Դա վայրահաչություն է, թշնամու արած հայտարարություն է: Ինձ համար այդ անձնավորությունն ավելի վտանգավոր կատեգորիա է, քան թշնամին»,- ասուլիսում ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին, որ՝ «պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում»:
Նա ընդգծեց՝ թուրքը չի կարող մեզ բարեկամ լինել. «Եթե Փաշինյանին բարեկամ է, թող գնա իրենց հետ ապրի, այնտեղ իրեն լավ կընդունեն, կհարգեն, թեյ կտան, կխմի: Բա որ բարեկամդ է, ինչո՞ւ ես վախում բարեկամիդ մոտով անցնես, գնաս, տեսնես քո տանուլ տված հողերում ժողովրդի վիճակն ինչպե՞ս է, անտուն մնացած մարդիկ Արցախում ինչո՞վ են զբաղվում»:
Անդրադառնալով իշխանության մեկ այլ ներկայացուցչի՝ փոխվարչապետ Ավինյանի հայտարարությանը՝ գերիների հարցը շատ նուրբ ու հանգիստ աշխատանք է պահանջում, պատգամավորն ասաց. «Հասկանո՞ւմ եք այս մարդու անհոգ վերաբերմունքը: Բա որ քո տղեն գերի լիներ, դու այդպես կխոսեիր: Կեսարյան վիրահատություն է, ինչ է:
Այդ երեխաների ծնողների համար ամեն րոպեն թանկ է: Իսկ դու բազմել ես շքեղ աթոռին, սրան-նրան հանձնարարություն ես տալիս, մի հատ էլ ձեր անգործությունն արդարացնում եք, ասում եք՝ նուրբ աշխատանք է պահանջում: Նաև ընդդիմության էին մեղադրում, թե հանրահավաքների պատճառով չեն կարողանում գերիներին հետ բերել: Այսքան ժամանակ հանրահավաք չկար, ինչո՞ւ ռազմագերի չեք վերադարձրել»:
Ինչ վերաբերում է ոստիկանական համակարգում աշխատողների աշխատավարձի բարձրացմանը, Գ. Պետրոսյանն ասաց, որ բարձրացվում է այն ստորաբաժանման աշխատողների աշխատավարձը, որոնք Փաշինյանի հետևում պատ են կազմում, որ կարողանա այս շենքից ճողոպրել մյուս շենք, կաշառում է, որ հավաքների ընթացքում ինչ ասի, անեն:
«Նիկոլ Փաշինյանը փոխանակ սահմանին կանգնած զինվորի, կամավորի աշխատավարձը բարձրացնի, հայրենիքի համար մարտնչողի աշխատավարձը բարձրացնի, սեփական անձեռնմխելիությունն ապահովողի աշխատավարձն է բարձրացում»,- ասաց անկախ պատգամավորը:
Գ.Պետրոսյանի խոսքով, Փաշինյանը երկրում խեղդում է ժողովորդավարությունը, մարդկանց կամքի ազատությունը, մեր իրավական անվտանգությունը:
Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը խաբելու է ու չի գնալու ընտրության, քանի որ տեսնում է, որ առանձնապես մեծ աջակցություն չունի հատկապես գիտակից զանգվածի կողմից, բայց էլի խաղում է զինվորների արյան վրա:
«Ուզում է ցույց տալ՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից: Բայց ժողովուրդը դուրս կգա այս թմբիրից ու կհասկանա, որ այս ամեն ինչի հիմնական, եթե ոչ միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա:
Գ.Պետրոսյանն ընդգծեց՝ պետական ապարատում, իշխանությունում, պետականաշինության մեջ լրջության պակասի խնդիր կա: Նա համոզված է, որ այն լրացնելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: