Հայաստանում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները կփոխարինվեն բազմակի օգտագործման տոպրակներով
Հայաստանում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները կփոխարինվեն բազմակի օգտագործման տոպրակներով։ Այս մասին նշված է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության հաղորդագրությունում։
Մարտի 26-ին իր չորսամյա գործունեության ամփոփիչ միջոցառման ընթացքում կազմակերպությունը հայտարարել է «Հավատարմության տոպրակ» բնապահպանական ծրագրի մեկնարկը։
Ծրագրի նպատակն է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները փոխարինել վերամշակված, հատուկ շտրիխ կոդով բազմակի օգտագործման հավատարմության տոպրակներով, որոնց միջոցով նախագծի գործընկեր-խանութներում հնարավոր կլինի կուտակել սպառողական բոնուսներ և օգտվել այլ առաջարկներից։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է թափոնների ակտիվ տեսակավորում իրականացնող գործընկերներին և բնապահպանական արշավներին մասնակցող քաղաքացիներին տրամադրել մինչև 2,000 տոպրակ:
Ամփոփիչ միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանում Լիտվայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ով իր ողջույնի խոսքում նշեց. «Մեզ համար կարևոր էր, որ Այ Էս Էս Դի-ի իրականացված ծրագրի արդյունքում երեխաները ստանում էին գործնական գիտելիքներ և հնարավորություն էին ունենում դրանք կիրառել ամենօրյա կյանքում: Ծրագրի շնորհիվ Արմավիր քաղաքի և հարակից հինգ համայնքների բոլոր դպրոցի աշակերտներն արդեն կարող են թափոնները տեսակավորել հենց իրենց դպրոցներում»: Ելույթի խոսքով հանդես եկան նաև ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, ում ելույթը նվիրված էր Հայաստանում թափոնների կառավարման և շրջանաձև տնտեսության ներդրման ռազմավարությանը և ՄԱԶԾ ԳԷՀ Փոքր Դրամաշնորհների ծրագրի համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Հարությունյանը, ով ներկայացրեց, թե ինչպես «Այ Էս Էս Դի»-ի «Recycle it!» նախագիծը փորձարարական ծրագրից դարձավ սոցիալական ձեռնարկատիրության հաջողված օրինակ:
«Հավատարմության տոպրակը» պատենտավորված նախագիծ է, որն իրագործվում է «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի կողմից՝ Նորվեգիայի մանրածախ առևտրի բնապահպանական ֆոնդի ֆինանսավորմամբ։ Նախագիծը մեկնարկել է 2020 թ. հունիսին, իսկ հանրությանը հասանելի է դարձել անմիջապես ծրագրի մեկնարկից հետո։
Ծրագրին կցված է ինտերակտիվ բջջային հավելված, որը ֆիքսում է օգտատիրոջ էկոլոգիապես կայուն վարքագիծը և հնարավորություն տալիս հետևելու, թե ինչ ներդրում է նա ունենում Հայաստանի բնությունը պահպանելու գործում: