Ադրբեջանցիների վերջին շրջանում դրսևորած ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ․ ԱՀ ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Արցախի արտաքին գործերի նախարարություն, հանդիպել արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:
Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ հնչած հիմնական թեզերը, խորհրդարանի ղեկավարի խոսքով, համահունչ են նոր իրողություններին:
«Այսօր Արցախի անվտանգությունը համար մեկ խնդիրն է, ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսևորած, այսպես ասած, ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ: Խոսքը հայկական մեքենաների քարկոծման դեպքերի մասին է», - ասել է Արթուր Թովմասյանը:
Խոսվել է միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցեր բարձրացնելու անհրաժեշտության մասին: ԱԺ նախագահը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, նաև նշել տարբեր երկրների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման կարևորությունը։
ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը:
«Ներքին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք, ստեղծենք ամուր թիկունք, որպեսզի արտաքին ճակատում լինենք ուժեղ»,- ընդգծել է ԱԳ նախարարը:
Կողմերը պայմանավորվել են պարբերական բնույթ հաղորդել նման հանդիպումներին:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին
- Արցախի ԱԺ նախագահ. Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը պիտի բարձրացվի
- Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները
- Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի նկատմամբ շարունակում են վարել ատելության ու թշնամանքի քարոզ. ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ. Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին արձանագրված միջադեպի վերաբերյալ պետք է իրականացվի պատշաճ քննություն
- Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Կարմիր Շուկա հատվածում քարերով հարվածել են հայկական մեքենաներին