Իրանի դեմ կապույտ պատերազմը, Թուրքիայի դերակատարությունը և Իրանի գործողությունները դրա դեմ․ Պույա Հոսեյնի
«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին գրում է․
«Տիգրիս և Եփրատ գետերը սկիզբ են առնում Թուրքիայից, Եփրատ գետը սկիզբ է առնում Թուրքիայի արևելյան Անատոլիայի լեռներից և հոսում Սիրիա, Իրաք և Պարսից ծոց: Տարիներ շարունակ Թուրքիան ունեցել է «Մեծ Անատոլիայի նախագիծ» (Տիգրիսի և Եփրատի վրա կառուցված մեծ ամբարտակներ) ծրագիրը, որն ունի ուժեղ քաղաքական դրդապատճառ: Այս նախագիծը ներառում է 14 ամբարտակների կառուցում Եփրատում, 8 ամբարտակ՝ Տիգրիսի վրա և ընդհանուր առմամբ՝ 19 հիդրոէլեկտրակայաններ: Թուրքիան Տիգրիս գետի վրա կառուցում է նաև Իլիսու կոչվող ամբարտակը՝ կանխելով Տիգրիսի ջրային ռեսուրսների 56%-ի մուտքը Իրաքի տարածք: Իրաքում և Սիրիայում գյուղատնտեսության ավելի քան 50 տոկոսը կախված է Տիգրիսի և Եփրատի ջրային ռեսուրսներից: «Մեծ Անատոլիա» ամբարտակների կառուցման նախագիծը կկործանի Իրաքի և Սիրիայի գյուղատնտեսական ոլորտների մեծ մասը: Իրանն էլ վնաս է կրում Արվանդ գետի ակունքում Էլիսո ամբարտակի կառուցման պատճառով: Այս ամբարտակի կառուցումը կանդրադառնա Հուր ալ-Ազիմ ընդարձակ ճահճոտ տարածքի իրանական և իրաքյան հատվածների վրա: Այս ճահճոտ տարածքի և Իրաքի արևելյան մասերի չորացման հետ մեկտեղ, Իրանի քաղաքներն ու արևմտյան նահանգները տուժել են մշտական ավազամրրիկներից, և այդ շրջաններում կյանքը դժվարացել է մարդկանց համար, ինչը հանգեցնում է քաղաքներից և գյուղերից մարդկանց տարհանմանն ու գաղթին՝ Իրանի և Իրաքի սահմանային շրջաններ: Եվ Իրանի համար աշխարհաքաղաքական ու անվտանգային խնդիրներ է ստեղծում:
Թուրքիայի ջրային դավադրությունը Իրանի դեմ՝ Աֆղանստանում
Հելմանդ գետը սկիզբ է առնում Աֆղանստանում, և 1100 կմ հեռավորությունից հոսելով՝ հասնում ու լցվում է Աֆղանստանի և Իրանի միջև գտնվող Համուն լիճը: Հելմանդ գետը Աֆղանստանի ջրուղին է, որին բաժին է ընկնում երկրի մակերեսային ջրերի 40 տոկոսը: Աֆղանստանը կարծում է, որ վերահսկելով ջրային արտահոսքը դեպի Իրան, ի վիճակի է վերահսկել Իրանի վարքը և քաղաքական որոշումները` կապված էժան նավթի վաճառքի և միգրանտների ընդունման հետ: Թուրքիան էլ մի կողմից իր վրա է վերցրել ամբարտակի կառուցման խնդիրը՝ շահավետ պայմանագրեր կնքելով Աֆղանստանի հետ, և Աֆղանստանին արտաքին օգնության մեծ մասը ծախսվելու է Հելմանդ-Հերիրուդ կետերի վրա ամբարտակ կառուցելու նպատակով: Առավել քան պարզ է, որ Թուրքիան ջրային այս խնդրով փորձում է խորամանկորեն և դավադրաբար հակասություններ սարքել Իրանի և Աֆղանստանի միջև: Եվ ինչպես Իրանի արևմուտքում, այնպես էլ արևելքում ջրային պրոբլեմ սարքելով՝ դեմոգրաֆիական փոփոխություն առաջացնի Իրանի սահմանամերձ շրջաններում, և խոցելի կդարձնի Իրանի անվտանգությունը արևելքից և արևմուտքից:
Իրանի սահմանին մոտ գտնվող Նիմրուզ նահանգի Քամալ Խան ամբարտակը պաշտոնապես բացվել է ս.թ. մարտի 24-ին՝ Աֆղանստանի նախագահի ներկայությամբ: Նախագահ Աշրաֆղանին այս առիթով, բացման արարողության ժամանակ ասաց. «այսուհետ մենք Իրանին ջուր կտանք նավթի դիմաց»:
Աֆղանստանի ջրային քաղաքականությունը աղետ է առաջացրել Իրանի արևելքում: Իրանի Սիստան-Բալուչեստան նահանգը և տեղի ժողովուրդը, ում կյանքը կախված է Հելմանդ գետից և Համուն լճի շրջակայքի գյուղատնտեսությունից, տառապում են երաշտից: Այս երաշտի արդյունքում Սիստան նահանգի բնակիչների մի մասը գաղթում է Իրանի այլ նահանգներ, ինչի արդյունքում փոխվել է նահանգի էթնիկ-կրոնական կազմը: Յուրաքանչյուր սահմանամերձ գյուղի դատարկվելու հետ մեկտեղ՝ սահմանն ապահովելու համար Զինված Ուժերի և անվտանգության խնդիրները շատանում են, իսկ հարևան շրջանները բախվում են երաշտի, ինչպես նաև արտագաղթի հետևանքով առաջացած դեմոգրաֆիկ խնդիրներին, ինչը հանգեցնում է նաև գործազրկության աճի:
Իրանի գործողությունները՝ դիմադրելու համար իր դեմ մղվող կապույտ պատերազմին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ս.թ. մարտի 21-ին կարգադրել է սկսել Պարսից Ծոցի աղի ջրերի քաղցրացման և տեղափոխման իրանական մեգա-ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը, որի նպատակն է Պարսից Ծոցի ջուրը քաղցրացումից հետո խողովակաշարերով մատակարարել կենտրոնական և արևելյան Իրան: Այս նախագիծը, որն ուղղված է երկրի կենտրոնական շրջանների աղքատության վերացմանն ու համաչափ զարգացմանը, պատրաստվում է իրականացնելու շուրջ 30,47 միլիարդ դոլար ընդհանուր ներդրմամբ: Ծրագրի նպատակն է նաև խթանել արտադրությունը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Այն ներառում է 3700 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երեք խոշոր խողովակաշար՝ աղազերծված ջուրը Պարսից Ծոցից Իրանի յոթ շրջաններ տեղափոխելու համար՝ ներառյալ Հորմոզգանը, Քերմանը, Հարավային Խորասանը, Խորասան Ռազավին, Յազդը, Սպահանը և Սիստան-Բալուչեստանը: Նշված բոլոր երեք խողովակաշարերի կառուցման ավարտից հետո, ընդհանուր առմամբ, 550 միլիոն խորանարդ մետր քաղցրահամ ջուր Պարսից ծոցից կտեղափոխվի նշված շրջաններ:
Առաջին՝ 823 կմ խողովակաշարը Պարսից Ծոցի ջուրը կտեղափոխի Հորմոզգան, Կերման և Յազդ նահանգներ: Երկրորդ՝ 1550 կմ խողովակաշարը ջուրը կտեղափոխի Քերման, Հարավային Խորասան և Խորասան Ռազավի նահանգներ, երրորդ՝ 910 կմ խողովակաշարի շնորհիվ Պարսից Ծոցի ջուրը կտեղափոխվի Յազդ և Սպահան նահանգներ, իսկ չորրորդ՝ 820 կմ խողովակաշարը Պարսից Ծոցի ջուրը Չաբահար նավահանգստից կտեղափոխի Սիստան-Բալուչեստան նահանգ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան