ԱԽ քարտուղարը չի կարողանում նույնիսկ արտաբերել, որ Թուրքիան մեր թշնամին է. Վահան Բաբայան
«Մի մարդ, ում վստահված է ղեկավարել անվտանգության համակարգը, այդ մարդը չի կարողանում նույնիսկ արտաբերել, որ Թուրքիան մեր թշնամին է»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանn՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցին:
Նրա խոսքով` Անվտանգության խորհրդի քարտուղարի կեցվածքը իր ղեկավարի դավաճանական մտածելակերպի շարունակությունն է:
«Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին զուգընթաց, մեր երկրի ղեկավարությունը 2.5 տարի վարում էր պարտվողական և խաղաղասիրական քարոզ, ինչը և հանգեցրեց 44 օրյա պատերազմի»,- հայտարարեց բանախոսը`միևնույն ժամանակ հավելելով, որ այդքանից հետո ԱԽՔ-ի հայտարարությունների վրա զարմանալ պետք չէ:
Բաբայանը ենթադրեց, որ նման քաղաքականությամբ այսօր ուրանում են ամեն ինչ, ոչնչացնում մեր պատմությունը, հաղթանակները և նվաստացման տակ ընկնում:
Անդրադառնալով տարածաշրջանում շտկումներ մտցնելու մասին ԱԽ քարտուղարի հայտարարությանը՝ Վահան Բաբայանը նկատեց, որ այդ շտկումները հայկական կողմը չպետք է աներ, այլ այն պետք է անեին հայկական քաղաքակրթության դեմ դեռևս 1915 թվականին ոտնձգություններ կատարածները:
«Չեն կարող մեզ կոտորել, սպանել, բայց մենք ասենք՝ եկեք ընկերություն անենք, չեն կարող մեզ փորձել վերացնել որպես ազգ, բայց մենք խոսենք շտկումներից, սա դավաճանություն է և այն չի կարելի հանդուրժել»,- հայտարարեց ռեֆորմիստական կուսակցության նախագահը:
Նրա խոսքով՝ հարաբերությունները շտկվում և խաղաղասիրություն փաստացի ունենում են այն ժամանակ, երբ տվյալ պետությունն ունենում է ուժեղ բանակ, տնտեսություն, իսկ ներկայում առանց ՌԴ զինված ուժերի Հայաստանը չի կարողանում պաշտպանել սեփական սահմանը, ինչը նախկինում չի եղել:
«Որ օրը Ռուսաստանի զինվորը Հայաստանից ոտքը քաշեց՝ այն դառնալու է Թուրքիայի վիլայեթը և այդ դեպքում հերթական ցեղասպանության սպառնալիքն է լինելու»,- հայտարարեց բանախոսը:
Ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը ձեռնտու է՝ Բաբայանը միևնույն ժամանակ կարևորեց այդտեղ մեր երկրի շահի դիտարկումը:
«Կարո՞ղ է վաղը գա մի պահ, երբ ասենք, որ նախկինում մենք ավելի լավ կոմունիկացիաներ ենք ունեցել, քան՝ իբր ազատված կոմունիկացիաների ժամանակ, չէ որ դրանով Հայաստանը վերջնականապես օղակի մեջ է ընկնում, իսկ ադրբեջանական բանակը եկել հասել է Կապան ու Սյունիք»,- շեշտեց ռեֆորմիստների առաջնորդը:
Նա դիմեց հասարակությանը, հարցնելով, թե արդյո՞ք ժողովուրդը կորցրել է մտածելու ունակությունը և չի պատկերացնում, որ կոմունիկացիաների բացման դեպքում 200 դրամանոց ձեթը նրան տալու է թուրքը:
«Չե՞ք մտածում, որ քիրվայությունն արվում է ինչ-որ բանի համար, որ վաղը կարողանան ձեզ վերջնականապես իշխեն՝ վերցնելով ձեր անկախությունը և ամեն ինչը և կարողանան լիարժեքորեն տիրապետել ՀՀ-ն և այն մասը, ինչ մնացել է Արցախից»,- նկատեց Վահան Բաբայանը և զարմացավ, թե ինչպես է հասարակությունը դեռ հանդուրժում երկիրը վաճառած իշխանություններին:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն Ընտրական օրենսգիրքը փոփոխությունների է ենթարկում և անցողիկ շեմը իջեցնում 4 տոկոսի, որպեսզի այն կարողանա հաղթահարել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան