Այս վարչախումբը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի հետ. ես ունեմ փաստեր. Արա Սահակյան
«Այս իշխանությունների հարվածը հենց հին ու նոր սերունդների համերաշխությունը ոչնչացնելուն էր միտված։ Նրանք տվեցին նախկին-ներկա բնորոշում, որն իսկական հեղափոխականություն է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արա Սահակյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունները մերժեցին անցյալն ու խզում առաջացրին ներկայի ու անցյալի միջև, և հայ հասարակությունը հայտնվեց մերկ ու անպաշտպան վիճակում։
«Դա աշխարհայացք է. ծնողին չընդունելը, նրա նկատմամբ արհամարհական լինելը աշխարհայացք է, դաստիարակության հարց։ Եվ իշխանության եկած մարդիկ հենց նման վարք դրսևորեցին»,- նկատեց նա։
Անդրադառնալով ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպմանը՝ Արա Սահակյանն ասաց, որ պետք է տարբերվել այն մարդկանցից, որոնք այդ հանդիպման մեջ խարդավանք են տեսնում։
Ըստ նրա, տարբեր իշխանության համակարգեր ներկայացրած, իրար հետ մրցակցած, ծանր շրջան անցած մարդկանց՝ մի սեղանի շուրջ նստելը մեծ առավելություն է, և պետք է ողջունել այդ քայլը։
«Կարծում եմ՝ նրանք քննարկել են Արցախի, Արցախի անվտանգության ու ճակատագրի հարցը։ Դրա հետ շաղկապված է նաև Հայաստանի ճակատագիրը։ Օր առ օր Արցախը մեզնից հեռանում է. վերջին 100 տարվա ընթացքում Արցախն այսքան օտարված ու մեզնից հեռու չի եղել»,- ասաց նա։
Արա Սահակյանը նշեց, որ 2018 թվականին Հայաստանում իշխանության բերվեց մի ուժ, որը հանձն է առել լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, փակել այդ էջը և դրանով լուծել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական երկարատև թշնամության հարցը։
«Երբ որ նա ասաց, որ ինքը պատերազմի առաջին շրջանում չգնաց արագ հաշտության, որովհետև իրեն կանվանեին դավաճան, նա նկատի ուներ հետևյալ մտահանգումը՝ եթե խաղաղությամբ հարցը լուծվեր, մարդիկ կասեին՝ չէ՞ որ մենք ունեինք բանակ, ինչո՞ւ չկռվեցինք, դրա համար ինքը կռվեց։ Ինքը կռվեց՝ իմանալով, որ մենք պարտվելու ենք, որովհետև ադրբեջանական սպառազինությունն ավելին էր, Թուրքիան էլ իր ուժերն էր ներգրավվել, ինքը տարավ դիտավորյալ պարտության, հասցրեց ծնկաչոք վիճակի, որպեսզի հասարակության զգալի մասն ընդուներ եղածը»,- կարծիք հայտնեց նա։
Քաղաքական գործիչը նաև հիշեցրեց, որ Փաշինյանը պատերամից առաջ և ոչ մի անգամ չէր ասել, թե հայոց բանակը թույլ է, ունի սպառազինության խնդիր, իսկ պատերազմից հետո նա «պոստ ֆակտում հորինել է այդ ստահոդ» պնդումը, թե բանակը ի վերուստ թույլ էր։
«Այսօր մենք ունենք հետևյալ իրավիճակը. երբ նրան ասում ենք դավաճան, նկատի ունենք հետևյալը, որ այս իշխանությունն ու իր պարագլուխը եկան, չկարողացան կանխել պատերազմը, տապալեցին բանակցությունները ու պարտվեցին։ Եվ հաջորդ քայլն է արդեն. պատերազմը պարտվել ենք, Ղարաբաղը դարձել է Ադրբեջանի ներքին գործ։ Ղարաբաղի 4 կողմը ադրբեջանական զորք է նստած»,- նկատեց նա։
Նա նաև նշեց. «Հիմա մնում է կատարել մեր տերերի վերջին հանձնարարությունը՝ հաշտվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Արևմուտքն ուզում է, որ այս ռեգիոնում կոնֆլիկտը լուծվի։ Թե ինչպես հայերը տուժեցին, ինչ եղավ, դա նրանց համար ոչ մի նշանակություն ունի։ Հիմա նաև ԱԳՆ-ն պետք է դադարեցնի Հայոց ցեղասպաության ճանաչման հարցի քննարկումը. 2018 թվականից Զոհրաբ Մնացականյանը դարձել է նախարար, դոսիեներից դուրս են բերվել Հայոց ցեղասպանության մասին բոլոր կետերը»։
Արա Սահակյանը պնդեց. «Այս վարչախումբը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի հետ. ես ունեմ փաստեր»։
Նա տեղեկացրեց, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի նախնական, ոչ հրապարակային բանակցություններ վարել։
«Բայց առաջին պնդումն այն է, որ ԱԳՆ-ում այդ բանակցություններից ոչ ոք տեղյակ չէ։ Պետության արտաքին քաղաքական գերատեսչությունը ամբողջությամբ օտարված է այս կարևորագույն գործընթացից։ Կգա ժամանակը և կասեմ՝ ով է այդ բանակցությունները վարում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան