Ավագ երեքշաբթի
Փետրվարի 15-ից մեկնարկել է Մեծ պահքը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ծաղկազարդի կիրակիով (այս տարի՝ մարտի 28) սկսվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Շաբաթվա յուրաքանչյուր ունի իր խորհուրդը։
Qahana.am-ից տեղեկանում ենք, Ավագ շաբաթը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Ավագ շաբաթվա ընթացքում Քրիստոս հաստատել է Եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկը՝ Ս. Հաղորդության խորհուրդը՝ որպես Տիրոջ հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն:
Այս շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը:
Ավագ երեքշաբթի. հիշատակ տասը կույսերի
Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Ս. Պողոս առաքյալը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. 1:4):
Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշըրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. 7-11):
Ավետարանական Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:
Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:
Հարակից հրապարակումներ`
- Ավագ երկուշաբթի
- Մեծ պահք. Վաղը կնշվի Ծաղկազարդը
- Գալստյան կիրակի՝ 21.03
- Մեծ պահք. Միջինք
- Տնտեսի կիրակի՝ 07.03
- Արտաքսման կիրակի՝ 21.02
- Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում. Գարեգին Երկրորդ
- Մեկնարկում է Մեծ Պահքի շրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին