Մատենադարանից հերքում են արաբատառ ձեռագիր մատյանների անհետացման և վաճառքի մասին լուրը
Մաշտոցյան Մատենադարանի hանրային կապերի բաժինը հերքում է տարածված տեղեկատվությունը, թե իբր Մատենադարանից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ:
««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Վարդան Ղուկասյան» անուն ազգանունով օգտատերը 28.03.2020թ. ուղիղ եթերում ստահոդ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, իբր Մատենադարանից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ: Մատենադարանը հերքում է այս տեղեկատվությունը, հորդորում ֆեյսբուքյան վերոհիշյալ օգտատիրոջը հրապարակավ հերքել հերյուրանքը։
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հայտնում ենք, որ ոչ 2018 թվականին, ոչ էլ հետագայում, Մաշտոցյան Մատենադարանում տանիքի փլուզումներ, հետևաբար նաև վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել. Մատենադարանի պահոցներից ձեռագրերը 2018թ. չեն տարհանվել։ Մատենադարանի պահոցն այնպիսի հարկում և ապահով վայրում է տեղակայված, որ որևէ շինարարական աշխատանքի պարագայում ձեռագրերը պահոցներից դուրս բերելու անհրաժեշտություն չկա։
Մատենադարանի ձեռագրերը որպես կանոն թերթակալվում են, մատիտով յուրաքանչյուր թերթի վրա նշվում է համարը։ Ֆեյսբուքյան օգտատիրոջ հրապարակած լուսանկարներում ձեռագրերը թերթակալված չեն, ինչը վկայում է, որ դրանցում Մաշտոցյան Մատենադարանում պահվող ձեռագրերը չեն ներկայացված։ Մատենադարանի ձեռագրերը պարբերաբար գույքագրվում և հաշվառվում են (վերջին գույքագրումը՝ 2019թ.) և ամբողջությամբ գտնվում են Մատենադարանում։ Առ այսօր որևէ կորուստ չի արձանագրվել։
Ավելացնենք նաև, որ Մատենադարանի ձեռագրական հավաքածուն ստեղծման օրվանից միայն համալրվել է»,- նշված է Մատենադարանի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան