Բելառուսում Տիխանովսկայայի դեմ գործ է հարուցվել` ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով
Բելառուսի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և BYPOL ասոցիացիայի ներկայացուցիչների՝ անվտանգության նախկին պաշտոնյաների դեմ, ովքեր գտնվում են արտերկրում, ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով: Ինչպես գրում է Tass-ը, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը:
«Պետական անվտանգության կոմիտեի և ՆԳՆ ներկայացրած նյութերի հիման վրա Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց Տիխանովսկայայի և այսպես կոչված BYPOL նախաձեռնության մասնակիցների դեմ՝ կազմակերպված խմբի կողմից ահաբեկչության ակտ նախապատրաստելու համար՝ Քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածով», - ասել է գլխավոր դատախազը:
Ըստ Շվեդի, «մի քանի օր առաջ վերոհիշյալ անձինք փորձել են պայթյուններ ու հրկիզումներ իրականացնել մայրաքաղաքի տարածքում և այլ քաղաքներում»: Նշվում է, որ կալանավորված քաղաքացի Մալեչուկն արդեն ցուցմունք է տվել ահաբեկչության կազմակերպիչների ու մասնակիցների մասին։ Դատածազը նաև հավելել է, որ ահաբեկչությունների կազմակերպիչները ծրագրում էին պետական մարմիններին մեղադրել «մարդկանց մահվան վտանգ ստեղծող գործողություններ կատարելու մեջ»:
Բելառուսի գլխավոր դատախազությունը Պետական անվտանգության կոմիտեին (ԿԳԲ) հանձնարարել է նաև կազմակերպել միջազգային հետախուզում Տիխանովսկայայի և այլ անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ: «ԲելՏԱ» -ի զեկույցում ասվում է, որ Գլխավոր դատախազությունը ԿԳԲ-ին հանձնարարել է անհապաղ կազմակերպել այդ անձանց միջազգային հետախուզում և պատրաստել փաստաթղթերի փաթեթ, որոնք կուղարկվեն Լիտվայի և Լեհաստանի իրավասու մարմիններին՝ քրեական հետապնդման ու արտահանձնման վերաբերյալ:
Ինչպես նշեց Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, «ներկա քրեական գործը ևս մեկ փաստ է, որը հաստատում է, որ այսպես կոչված ընդդիմությունը ոչնչից չի խուսափում՝ իշխանությունը զավթելու իր հանցավոր նպատակներին հասնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում