Սա լավագույն ձևն է Արցախը ներկայացնելու միջազգային հանդիսատեսին. Ջիվանը ճիշտ ճանապարհի վրա է. Զավեն Բոյաջյան
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն Արցախի մասին երեք ֆիլմ է նկարահանել՝ «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»: 2018 թվականից սկսել է աշխատել նոր՝ «Վերածնվածը» նախագծի շուրջ, որում կրկին անդրադառնում է Արցախին: Այսօր սկսվում է ֆիլմի crowdfunding արշավը նվիրատվություն անելու համար:
«Մեզ համար միշտ կարևոր է արվեստի բարձրորակ աշխատանք ստեղծել: Այդ ֆիլմն էլ պետք է բարձորակ մի գործ լինի, որի միջոցով փորձում ենք պատմել Արցախի մասին»,- ասուլիսում ասաց Ջիվան Ավետիսյանը:
Նրա ներկայացմամբ, «Վերածնվածը» ֆիլմն ունեցել է բավականին բուռն զարգացման ընթացք, վերջին դեպքերի հետ փոփոխություններ են եղել թե սցենարում, թե արտադրության մասով:
«Եթե ժամանակին Արցախի մասին ֆիլմերով փորձում էինք աշխարհին պատմել մեր մասին, առավել ևս հիմա կարևոր է պատմել մեր ապագա սերունդներին, երեխաներին, իսկապես կարողանանք գնահատել ու տեղ հասցնել այն իրողությունը, ինչ կատարվել է մեզ հետ՝ ռեալ հասկանալով կատարվածն ու բարձրորակ ֆիլմի միջոցով ներկայացնել հանրությանը»,- ասաց Ջ.Ավետիսյանը:
Սցենարիստ Նարինե Ոսկանյանն ասաց, որ 2018 թվականից սկսել են աշխատել գաղափարի, պատմության զարգացման շուրջ, հիմա էլ շարունակում են զարգացնել սցենարը ամուր, զորեղ պատմություն ունենալու համար:
«Թեման խաղաղությունն է, բայց այդ խաղաղությանը հասնելու համար կարիք ունենք գտնելու մեր ինքնությունը: Այսօր աշխարհն է իր ինքնությունը կորցրել, մարդածին աղետներն ինքնությունը կորցնելու պատճառով են տեղի ունենում: Մենք էլ կարիք ունենք վերածնվելու: Ջիվանը հաճախ է ասում՝ Արցախը մեր Երուսաղեմն է: Այո, այդպես էլ կա, և այդ վերածնունդը հենց Արցախից է լինելու»,- ասաց ֆիլմի սցենարի հեղինակը:
Ներկայացնելով ֆիլմը՝ Ն.Ոսկանյանն ասաց, որ Արցախում տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպքը դառնում է բոլոր հերոսների ինքնության վերականգնման պատճառը՝ կենտրոնական առանցքում պահելով Արցախը: Ֆիլմի պատմության մեջ նախատեսված էր ունենալ 2016 թվականին Ապրիլյան դեպքերը, սակայն 2020 թվականի պատերազմը, ըստ սցենարիստի, փոխել է իրենց պլաններն ու Արցախից՝ Ջիվան Ավետիսյանի վերադառնալուց հետո որոշել են, որ պետք է ներառեն 2020 թվականի պատերազմը:
«Այդ առումով սկսել ենք զարգացնել, փոփոխել սցենարը, որպեսզի հասնենք այն արդյունքին, ինչ նախատեսում ենք:
Զարգացնում ենք նաև արհեստական բանականության ուղղությունը: Ստացվում է՝ արհեստական բանականությունը մեր չորրորդ գիծն է՝ երեք գլխավոր հերոսներին զուգահեռ զարգանում է, ինքն էլ վերածնվում է»,- ասաց Ն. Ոսկանյանը:
Սցենարի խորհրդատու, կինոգետ Զավեն Բոյաջյանն ասաց, որ Ջիվան Ավեստիյանն իր ֆիլմերով արցախյան թեման մի տեսակ միջազգայնացրել է, այսինքն՝ արցախյան խնդիրները ֆիլմի գեղարվեստական հյուսվածքի առումով տեղափոխվել են միջազգային շրջանակներ, դեպքերը միայն Արցախում տեղի չեն ունենում:
«Եթե ուզում ենք Արցախի խնդիրները միջազգային արձագանք ստանան, արտացոլվեն գեղարվեստական կինեմատոգրաֆում, խաղարկային կինոյում, սա լավագույն ձևն է Արցախը ներկայացնելու միջազգային հանդիսատեսին, հանրությանը: Ջիվանը ճիշտ ճանապարհի վրա է, ինչը շատ արդյունավետ է»,- ասաց Զավեն Բոյաջյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից
- Ջիվան Ավետիսյանն իր նոր կինոնախագծով ներգրավվել է կինոարտադրողների համար կարևորագույն պլատֆորմի ծրագրին
- Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները սկսվել են
- Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում
- Պրոդյուսեր. Մեր նպատակին կհասնենք, եթե ադրբեջանցիները քաջություն ունենան տեսնելու այն, ինչ նկարահանված է «Վերջին բնակիչը» ֆիլմում
- «Ղարաբաղյան պատերազմի մասին քիչ են ֆիլմեր նկարահանվում». Ջիվան Ավետիսյան
- Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատմում է «իր աչքի առջև տեղի ունեցած» հերթական պատմությունը Ղարաբաղյան ազատամարտի մասին՝ «Թևանիկ»...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան