«Ժողովուրդ». Փաշինյանը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն իշխանությունը լայն թափով սկսել է այն: Կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին Արմավիրի մարզում էր: Սակայն ուշագրավ է, որ այցի ժամանակ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն վարչական ռեսուրս են կիրառել, այլ նաև նպաստում են կորոնավիրուսի թվի աճին:
Զավեշտալի է, որ Արմավիրի մարզի յոթ գյուղերում լինելուց, մարդկանց ձեռքով բարևելուց, գրկելուց հետո Փաշինյանն անցկացրել է Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Վերջինս հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները հատկապես փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ և կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա: Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս. նախընտրական քարոզչությունը դեռ չմեկնարկած՝ վարչապետն արդեն խախտել է այն:
Մասնավորապես, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին քաղաքացիներին հայտնելը, որ որոշում է կայացվել ասֆալտը պետության հաշվին վերանորոգել, վարչական ռեսուրսի կիրառման օրինակ է: Այս դրվագում պաշտոնեական դիրքն օգտագործվեց մրցակիցներից վեր լինելու համար, և պարզ է, որ ընդդիմադիրները չէին կարող նման բան առաջարկել, քանի որ չունեն կառավարող լծակներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
«ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված ՍԴ հայտնի որոշման առնչությամբ գրեթե բոլորն էլ վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը չի թաքցնի իր զայրույթն ու դժգոհությունը և անպայման կարտահայտվի: Եվ ահա, Արմավիրի մարզում նա ասել է, թե «որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»: Շատերի համոզմամբ, այս հայտարարությամբ Փաշինյանը խոստովանում է, որ Մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական է և ուղղորդվում է գործող իշխանությունների կողմից, քանզի, ի վերջո, ի՞նչ գործ ունի երկրի վարչապետը որևէ քրեական գործի առնչությամբ որոշումներ կայացնելու հետ: