Սա մեր պետության դեմ լարվող թակարդ է, որը տանում է լիակատար կործանման․ Կ․ Բեքարյան
Վերջին օրերին Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ իշխանության ռեվերանսների ավելացման, դրանց բնույթի փոփոխության պատճառներն ավելի խորքային են, քան մենք պատկերացնում ենք: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Հանրության այն հատվածին, որը շարունակում է լոյալ մնալ իշխանությանը կամ ինչ-ինչ իմաստներով սատարում է նրան, տրվում է լավ ապրելու օրակարգ, որի ներքո իշխանությունը սեփական հանրության մեջ սերմանում է անելանելիության և ամբողջական՝ ազգային, պետական կապիտույացիայի թեզը», - նշել է նա:
Կարեն Բեքարյանի կարծքով՝ սա մեր պետության դեմ լարվող թակարդ է, որը տանում է լիակատար կործանման: «Մեր հանրության այդ հատվածը չի պատկերացնում, որ այս թվացյալ «լավ ապրելու» ներքո իրականում ընդհանրապես ապրել-չապրելու, գոյություն ունենալ-չունենալու խնդիրն է դրված՝ ընդամենը ժամանակային դադարով», - նշել է նա:
Վերլուծաբանի խոսքով՝ սա շատ նման է Դուշանբեի վերելակային պայմանավորվածության էֆեկտին, երբ իշխանությունը հանրային դիսկուրս ներմուծեց թեզը, որ կարողացել է մեր տղաների կյանքերը խնայող պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն, այդ պահին որոշակի դադար ունենալով, արդյունքում ունեցանք մեզ համար ճակատագրական մի վիճակ, քանի որ այդ դադարը թշնամին օգտագործում էր իր ռազմական, քաղաքական, տեղեկատվական դիրքերը բարելավելու համար:
«Ընդդիմությունն, այս ամենից շատ օբյեկտիվորեն նյարդայնանալով, մտնում է մոտեցումների ռադիկալ դաշտ, քանի որ պատկերացնում է, թե սա ինչի է բերում: Սակայն արդյունքում ստեղծում է տպավորություն, որ թշնամու հետ հաշտության եզր չկա, թշնամու հետ ապագա չկա: Հանրության նշված հատվածը այդ ամենից վերցնում է այն ուղերձը, ինչ ցանկանում է իշխանությունը», - նշել է նա:
«Կարծում եմ՝ ընդդիմությունը պետք է փոքր-ինչ փոխի իր մոտեցումները, պետք է ավելի շատ ռեսուրս և համբերություն դնի հանրությանը բացատրելու, ամեն ինչ օրինակներով ցույց տալու մեջ, այլ ոչ թե ընդունի իշխանության օրակարգը և արդյունքում մաս կազմի այդ թակարդ դիսկուրսին», - ընդգծել է Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով՝ իշխանության այս քայլերը շատ պարզ հարց են առաջանում. «Մենք գործ ունենք իշխանությա՞ն, թե՞ օկուպացիոն ռեժիմի հետ, որը հանրությունից ունի միայն մեկ ակնկալիք՝ վերջնական կապիտուլյացիայի սպիտակ դրոշ»: