Ալեն Սիմոնյանը բառերը պետք է ճիշտ օգտագործի. Թովմասյան
«Ես մտածում եմ, որ Ալեն Սիմոնյանը բառերը պետք է ճիշտ օգտագործի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե իրենց խմբակցությունը լքած պատգավորները լեգիտիմ չեն։
Նրա խոսքով, լեգիտիմությունն իրավաբանական տերմին է, և բոլոր պատգամավորները ԿԸՀ-ից են ստացել իրենց մանդատները՝ հանրության քվեի արդյունքում։
«Ես ընտրվել եմ ռեյտինգային ընտրակարգով, և հավաքել եմ այդտեղ շատ մարդկանցից եռակի կամ քառակի անգամ ավելի ձայն, մարդիկ անհատապես իմ անվան դիմաց «պտիչկա» են դրել»,- նշեց պատգամավորը։
Թագուհի Թովմասյանն առաջարկեց համեմատել, թե որ պատգամավորներն են ավելի շատ աշխատում՝ իմքայլականնե՞րը, թե՞՝ «Իմ քայլը» լքածները։ Նա լրագրողներին հարց տվեց, թե ավելի շատ նրանք ո՞ւմ արածի մասին են գրում.
«Դա այնքան հեշտ է տարբերակելը»։
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ այսօրվա խորհրդարանը պատմության մեջ մնալու է ամենախայտառակ էջով։
«Մենք Արցախը հանձնող իշխանության խորհրդարանն ենք։ Եվ այս խորհրդարանը պետք է գնահատական տա՝ ինչպես է պատկերացնում Արցախի ապագան։ Մենք հայտարարության տեքստ ենք առաջիկայում շրջանառելու, և իշխանությունները շատ լուրջ քննություն ունեն հանձնելու։ Թող այդ հայտարարությունը կարդան, որպեսզի հատ-հատ պատասխանեն մեր հարցերին»,- նկատեց նա։
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ եթե խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ապա դրանք լինելու են խայտառակ, քանի որ անցկացվելու են հուզականության ֆոնի վրա և չեն արտահայտելու հասարակության կարծիքը։