Պուտինը, Մերկելն ու Մակրոնը վիդեոկոնֆերանսի ձևաչափով բանակցություններ են անցկացրել
Մարտի 30-ին, վիդեոկոնֆերանսի ձևաչափով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Գերմանիայի Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել COVID19-ի դեմ միասնական գործելու ջանքերին: Այս համատեքստում ղեկավարները կենտրոնացել են հիվանդության հետագա տարածումը կանխելու միջոցառումների վրա:
Մասնավորապես, շոշափվել են «Sputnik V» ռուսական պատվաստանյութի Եվրամիությունում գրանցման, ինչպես նաև ԵՄ երկրներում այս դեղամիջոցի հնարավոր պաշարների և համատեղ արտադրության հեռանկարները:
Քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հաստատվել է 2015 թ.-ի Մինսկի «Միջոցառումների փաթեթին» այլընտրանքների բացակայությունը` որպես հիմք այս երկրում ներքին հակամարտության կարգավորման համար: Ռուսաստանի նախագահը կարևորել է, որ Կիևի իշխանությունները կատարեն նախկինում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, առաջին հերթին Դոնեցկի և Լուգանսկի հետ ուղղակի երկխոսություն հաստատելու և Դոնբասի հատուկ կարգավիճակի իրավական կողմերը կարգավորելու վերաբերյալ: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում Ուկրաինայի կողմից հրահրված զինված դիմակայության սրմանը։
Բելառուսում իրավիճակը քննարկելիս Պուտինը նշել է ինքնիշխան պետության ներքին գործերին արտաքին միջամտության անընդունելիությունը:
Քննարկվել է Լիբիայում կարգավորման խնդիրները: Գոհունակությամբ նշվել է, որ հակառակորդ կողմերը հավատարիմ են ռազմական գործողությունների դադարեցմանը: Հույս են հայտնել, որ երկրում միասնական անցումային իշխանությունների ձևավորումը կարևոր քայլ կլինի արդյունավետ քաղաքական գործընթացը խթանելու ուղղությամբ` լիբիական բոլոր հիմնական ուժերի մասնակցությամբ:
Սիրիա. նշվել է, որ Սիրիայում իրավիճակը շարունակում է կայունանալ, և որ այժմ սիրիական ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու խնդիրները շատ սուր են:
Իրան. Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հստակ արտահայտվել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման և իրականացման օգտին և այդ ուղղությամբ քայլերի հետագա համակարգմանը:
Քննարկվել է Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների իրավիճակը: Ռուսական կողմը վերահաստատել է ԵՄ-ի հետ բնական ապաքաղաքականացված փոխգործակցությունը վերականգնելու պատրաստակամությունը, եթե դրանում ցուցաբերվի փոխադարձ հետաքրքրություն:
Ա.Նավալնիի վերաբերյալ գործընկերների կողմից բարձրացված հարցի կապակցությամբ տրվել են համապատասխան բացատրություններ գործի օբյեկտիվ հանգամանքների վերաբերյալ:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, բանակցություններն անցել են գործարար և անկեղծ մթնոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը ողջ արդիական օրակարգի շուրջ: