Բաթումիում օրակարգից հանվել է լողափի մի մասը հօգուտ թուրքական ընկերության օտարելու հարցը
Բաթումիի քաղաքային խորհուրդն օրակարգից հանել է Բաթումիի բուլվարի տարածքին հարակից լողափի մի մասը հօգուտ թուրքական ընկերության օտարելու հարցը: Այս մասին տեղեկացնում է apsny.ge-ն։
Թուրքական Batumi Tower ընկերությունը, որին պատկանում է նաև Le Meridien հյուրանոցը, մտադիր էր լողափի տարածքը վարձակալել առնվազն 15 տարի ժամկետով:
«Տասներորդ հարցը պետք է ժամանակավորապես հանվի և քննարկվի, երբ բուլվարի զարգացման ծրագիրը կներկայացվի Քաղաքային խորհրդի հաստատմանը»,- ասել է Բաթումիի քաղաքային խորհրդի նախագահ Սուլիկո Թեբիձեն:
Այս որոշմանը նախորդել էր Բաթումի բուլվարի տնօրեն Իրակլի Չինչարաձեի հայտարարությունը, որ մոտ ապագայում բուլվարի զարգացման պլանը պատրաստ կլինի, և միայն դրանից հետո այդ հարցը պետք է քննարկվի:
Բուլվարի տնօրենը հայտարարել է նաև, որ ինքը դեմ է լողափերի օտարմանը, քանի որ բուլվարը հասարակական վայր է և պետք է հասանելի լինի բոլորին:
«Ես դեմ եմ լողափերը մասնավոր սեփականության հանձնելուն»,- ասել է Բաթումի բուլվարի տնօրենը:
Նշվում է, որ առավոտից Բաթումիի քաղաքային խորհրդի մոտ քաղաքացիները մեծ աղմուկ էին բարձրացրել, քանի որ դեմ են լողափի օտարմանը։