Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը՝ նախատեսված կենդանիների համար
Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում առաջինը գրանցել է կենդանիների համար նախատեսված հակակորոնավիրուսային «Կարնիվակ-Կով» պատվաստանյութը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Սավենկովին։
Դեղամիջոցը մշակել է«Կենդանիների առողջության դաշնային կենտրոն» պետական բյուջետային ինստիտուտը: Սավենկովի խոսքով, սա կենդանիների համար նախատեսված COVID-19-ի դեմ առաջին և ներկայում միակ պատվաստանյութն է:
«Անցյալ տարվա հոկտեմբերին մեկնարկած «Կառնիվակ-Կով»-ի կլինիկական փորձարկումներին ներգրավվել են շներ, կատուներ, արկտիկական աղվեսներ, ջրաքիսներ և այլ կենդանիներ: Ուսումնասիրությունների արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ պատվաստանյութը անվնաս է և բարձր արդյունավետություն ունի»,- ասել է գերատեսչության ղեկավարի տեղակալը:
Այժմ «Ռոսսելխոզնադզոր»-ի գիտնականները շարունակում են ուսումնասիրել, թե որքան ժամանակ անց է առաջանում իմունիտետը կենդանիների մոտ դեղամիջոցն օգտագործելուց հետո:
Հարակից հրապարակումներ`
- AstraZeneca պատվաստանյութից հետո Գերմանիայում թրոմբի 31 դեպք է գրանցվել
- AstraZeneca պատվաստանյութը վերանվանվել է Vaxzevria
- Կանադան դադարեցնում է «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը