1998-2007թթ. գյուղոլորտում արձանագրվել էր կրկնակի աճ, 2018-2020թթ՝ 70 մլրդ դրամի անկում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Տելեգրամ-ալիքի գրառման մեջ ասվում է.
«Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը կարևոր է յուրաքանչյուր պետության համար: Նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին վերամշակող արդյունաբերությունը հանդիսանում էր Հայաստանում գյուղատնտեսության զարգացման կարևոր ուղղություններից մեկը: Հանրապետությունում հիմնվեցին մի շարք արտադրություններ՝ պահածոների, մսամթերքի, ալկոհոլային խմիչքների, ալյուր-խմորների, որոնք նպաստեցին պարենային ապրանքների զգալի տեսակների ներմուծման դադարեցմանը:
Պահածոների արտադրության զարգացման արդյունքում հայկական մրգերն ու բանջարեղենը վաճառվում էին ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտահանվում էին պահածոների, չրերի, բնական հյութերի տեսքով՝ ապահովելով գյուղացիների աշխատանքն ամբողջ տարվա ընթացքում:
Ձվի ներկրումը նույնպես դադարեցվեց: 10 տարվա ընթացքում հայրենական արտադրության հավի ձուն վաճառվում էր կայուն ցածր գնով, իսկ ավելցուկն արտահանվում էր:
Այսպես 90-ականներին քայքայված ոլորտը 1998-2007 թվականներին գրեթե կրկնակի աճ ապահովեց՝ 295 միլիարդ դրամից հասնելով 575 միլիարդի»:
Panorama.am-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2007 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը եղել է շատ ավելի բարձր, քան նշված է երկրոդ նախագահի թվիթերյան էջում՝ 634 միլիարդ դրամ:
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո 3 տարում ՀՆԱ-ում գյուղատնտեսության ոլորտի ծավալները հետևողականորեն անկում են ապրել ավելի քան 70 մլրդ դրամով:
2007թ-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում ՀՆԱ-ում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 634 միլիարդ դրամից հասել էր 890 մլրդ դրամի: Հեղափոխությամբ իշխանության եկած կառավարությունն իր կառավարման առաջին իսկ տարում գյուղոլորտում ապահովեց 7.3 % անկում:
2019 թվականին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ՀՆԱ-ում նվազեց ևս 4.3 %-ով՝ հասնելով 853 մլրդ դրամի: Արդեն 2020 թվականին ՀՆԱ-ում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազեց՝ հասնելով 819 մլրդ դրամի, սակայն վիճակագրական տվյալների սանդղակում, անհասկանալի տրամաբանությամբ, գյուղոլորտի դիմաց գրված է 1.4 % աճ, ընդորում՝ այն միակ ոլորտն է, որում նախորդ տարի աճ էր գրանցվել:
Նույն աղբյուրների ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ 2007 թվականին արդեն Հայաստանում արտադրվում էր 525.4 մլն հատ հավի ձու, որը վաճառվում էր կայուն 51 դրամի սահմաններում: Ըստ վերջին ամփոփված տվյալների, չնայած 13 տարի անց՝ 2020 թվականին արտադրվել է մոտ 800 մլն հատ հավի ձու, սակայն գները տատանվել են 55-100 դրամի սահմաններում:
2007 թվականին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներում մշակող ադրյունաբերության չափաբաժինը 90-ականների համեմատ կրկնակի ավելացել էր՝ հասնելով 484 մլրդ դրամի: Վերջին 14 տարիներին արադրության այս ոլորտի ծավալը բարձրացել էր մինչև 1.4 տրիլիոն դրամի, սակայն 2020թվականին 2019թ.-ի համեմատ այստեղ արձանագրվել է մոտ 80 մլրդ դրամի անկում:
Արմեն Վարդանյան