Դու պետք է քեզնից լուրջ բան ներկայացնես, որ կարողանաս թշնամություն անել. Արգիշտի Կիվիրյան
«Երբեք չի կարող բարեկամ լինել մեզ մի պետություն, որն իր տարածքում իրականացրել է հայոց ցեղասպանություն և հայ ժողովրդին զրկել է իր բնօրրանից՝ Հայոց լեռնաշխարհից»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա խոսքով, երբեք այդ պետությունը չի կարող դառնալ հայ ազգի բարեկամը։ Սակայն, վերլուծաբանի խոսքով, պետք է հասկանալ նաև, որ ոչ բարեկամը և թշնամին տարբեր բաներ են։
«Թշնամություն անելը բարդ գործընթաց է, դու պետք է քեզնից լուրջ բան ներկայացնես, որ կարողանաս թշնամություն անել։ Թշնամություն անելու համար դու պետք է ունենաս հզոր բանակ, հզոր տնտեսություն, ռեզերվներ, որ կարողանաս իրական թշնամություն անել։ Այս պարագայում զավեշտալի է հնչում, որ մի ազգ, որի բանակն այսօր բնաջնջված է, որը գտնվում է տնտեսական ծանր վիճակում, քաղաքական կոլապսի մեջ, հայտարարում է, որ ինքն ունի թշնամիներ։ Դա ոնց որ լինի այն, որ ընչազուրկ Լեյլա տատին հայտարարի, որ Սամվել Ալեքսանյանն իր թշնամին է»,- նշեց նա։
Միևնույն ժամանակ, Արգիշտի Կիվիրյանը հավելեց, որ 30 տարի շարունակ Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամություն է արել. նա փակել է իր սահմանը, բացի այդ, մշտապես զինել է Ադրբեջանին, ինչպես նաև մասնակցել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին։
«Նույն ժամանակահատվածում Հայաստանը ոչ մի քաղաքական գործողություն չի արել Թուրքիայի դեմ։ Ընդամենը գնացել ու ստորագրել է հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, որը նախատեսում էր հարաբերությունների վերականգնում։ Բայց դա Թուրքիան չստորագրեց։ Հայ ազգն այնքան խեղճ ու կրակ է եղել, որ ցեղասպանությունից հետո էլ հազարավոր հայ մարդիկ Թուրքիայում չարքաշ աշխատանք են անում։ Բայց մեղադրելու չի, գիտենք՝ ինչ դրություն է»,- նկատեց նա։
Վերլուծաբանը նշեց, որ հիմա հայկական սահմանին երկու կողմից կանգնած է ռուսական զորքը, որն ապահովում է իր անվտանգությունը, և այդ դեպքում հայ ազգը չի որոշում, թե ով է իր թշնամին, դա որոշում է Մոսկվան։
«Մոսկվայում են որոշելու, թե հայերն ում հետ թշնամություն անեն, որովհետև այնտեղ Հայասատանին լավ կբացատրեն, որ եթե դու սրա-նրա հետ թշնամություն ես անում, ու նրանց զորքը հարձակվում է, իմ զինվորն է առաջինը տուժելու»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլն ուզում է, որ մեր մտքից հանենք ցեղասպանությունը, Արցախը. Միհրան Հակոբյան
- Եթե չես ուզում կերակրել քո բանակը, ապա ստիպված ես լինելու կերակրել թշնամու բանակը. Արման Աբովյան