Մոսկվայում աշխատող հայ իրավաբանները հետաքրքրվել են ՀՀ դատական համակարգի պրակտիկայով
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի հրավերով պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ իրավաբանների հետ: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«Միջոցառումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիան:
Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Այնուհետև նախաձեռնությունը ողջունել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Հանդիպան ընթացքում քննարկվել է մասնագիտական բնույթի հարցերի լայն շրջանակ, կողմերը փոխանակվել են ոլորտին վերաբերող տեղեկատվությամբ:
Մոսկվայում աշխատող հայ իրավաբանները մասնավորապես հետաքրքրվել են ՀՀ դատական համակարգի պրակտիկայով, անդրադարձել Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման խնդիրներին և մտքեր փոխանակել հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ:
Հայկական պատվիրակության ղեկավարն ու անդամները սպառիչ պատասխաններ են տվել մոսկվայաբնակ իրավաբաններին հետաքրքրող բոլոր հարցերին»,-նշված է հաղորդագրությունում: