«Ժողովուրդ». Ինչ ճակատագիր է ունենալու նախագահի՝ ՍԴ-ին ուղարկած դիմումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին պարզ կլինի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան ուղարկված դիմումի ճակատագիրը: Ինչպես հայտնի է, մարտի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով։
Արմեն Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում:
Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները և ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչև այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս և հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման և կիրառման համատեքստում»:
Եվ, ահա, տեղեկացանք, որ դիմումը նախնական ուսումնասիրման փուլում է (ժամկետը` մուտքագրման պահից 30 օր): Դրանից հետո աշխատակարգային նիստում պետք է քննության առնվի դիմումը քննության ընդունելու հարցը: Սակայն, մեր տեղեկություններով, որոշումը կհրապարակվի մինչև սահմանված ժամկետի ավարտը, և դիմումը կընդունվի քննության»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում