Կիևում մանկապարտեզները, դպրոցները կփակվեն, մետրոյի աշխատանքը կսահմանափակվի
Կիևի իշխանությունները ապրիլի 5-ից դադարեցնում են քաղաքի մանկապարտեզների և դպրոցների աշխատանքը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով, իսկ հասարակական տրանսպորտում հատուկ անցագրեր են ներդրվում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Երկուշաբթի օրվանից մայրաքաղաքը կփակի բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները: Հասարակական տրանսպորտի բոլոր տեսակները՝ և՛ ցամաքայինը, և՛ մետրոն, կգործեն հատուկ ուղևորագրերով: Այսինքն՝ բացառապես կարևոր ենթակառուցվածքային ձեռնարկությունների աշխատողներին տեղափոխելու համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Կլիչկոն ասել է, որ ձեռնարկությունների և հիմնարկների ղեկավարները պետք է աշխատողներին հեռակա աշխատանքի ուղարկեն կամ արձակուրդ տրամադրեն: «Հասարակական սննդի հաստատությունները կկարողանան աշխատել միայն առաքման համար: Քանի որ, ըստ էության, դրանք պետք է աշխատեին մարտի 20-ից: Մենք ապրիլի 1-ից կդադարեցնենք սննդի տոնավաճառների գործունեությունը»,- ավելացրել է քաղաքապետը:
Սահմանված սահմանափակումները կգործեն առնվազն մինչև ապրիլի 16-ը:
«Բժշկական համակարգը «խեղդվում» է: Մենք շատ հիվանդներ և քիչ բժիշկներ ունենք: Եվ ինչ-որ մեկը պետք է օգնի հիվանդներին: Բժիշկներն ու բուժքույրերը երկու օր է՝ չեն հեռանում բաժանմունքներից: Նրանք թուլանում են այդպես», - բացատրել է Կլիչկոն:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը ԱՀԿ-ին հորդորում է հետաքննել ԱՄՆ լաբորատորիաներից կորոնավիրուսի արտահոսքի հավանականությունը
- Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը՝ նախատեսված կենդանիների համար
- ԱՄՆ-ում կարող է սկսվել կորոնավիրուսի 4-րդ ալիքը
- ԱՀԿ-ն առավել հավանական է համարում կորոնավիրուսի տարածումը կենդանու որոշակի տեսակից