Վահրամ Դումանյանը լրագրողներին հորդորեց ԲՈւՀ-երի շենքերի վաճառքի մասին հարցերն ուղղել Փաշինյանին
«Ես կուզեմ, որ շրջանառվող գաղափարը դառնա իրականություն՝ մեր երազած ստեղծագործական միջավայրով։ Չկա հստակ վայր, կա այն անելու հաստատուն կամք՝ կարևորելով ոլորտը»,- հրավիրված ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով ԲՈւՀ-երի շենքերը վաճառելու և այդ գումարով ակադեմիական քաղաք կառուցելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը վերաբերող հարցին:
Նա հավաստիացրեց, որ շենքային կառույցներին որևիցե վտանգ չի սպառնում, նման որոշում չկա, այլ կա գաղափար:
Նախարարի կարծիքով՝ խնդիրը շենքը չէ, այլ՝ նոր շենքերն են և նոր քաղաքը։
«Չենք կարող «նկուղային» պայմաններում ժամանակակից բարձրագույն կրթություն ապահովել։ Հերքում եմ այն պնդումը, որ կա որոշում՝ ինչ-որ շենք ծախելու, անկախ նրանից՝ այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չէ»,- հայտարարեց Դումանյանը և վստահեցրեց, որ չի կարող գոյություն ունենալ ԵՊՀ շենքի վաճառքի որոշում:
Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ իրավասու չէ վարչապետի հայտարարությունը հերքել կամ հաստատել և լրագրողներին հորդորեց հարցը Նիկոլ Փաշինյանին ուղղել՝ հավաստիացնելով, որ նա ավելի հստակ կբացատրի, թե ինչ է ասել։
Նախարարի պատկերացմամբ՝ եթե իրականություն դառնա այդ գաղափարը, շատ ԲՈւՀ-երի մոտ բնական ցանկություն կառաջանա տեղափոխվել այդ գեղեցիկ վայրը, և այն շենքերը, որոնք այլևս ոչ նպատակահարմար կլինեն բուհական կրթություն իրագործելու համար, կարելի է և՛ վաճառել, և՛ ներդնել:
Դումանյանը հավաստիացրեց, որ, եթե բոլոր շենքներն էլ վաճառվեն, գումարը չի բավարարելու քաղաքի գաղափարն իրականություն դարձնելու համար, քանի որ լրջագույն ներդրումներ են անհրաժեշտ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան