Վրաստանում կասեցվել է թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի շինարարությունը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ թեև Նամախվանի ՀԷԿ-ի ամբարտակի կառուցումը շատ կարևոր է Վրաստանի համար, սակայն բնակիչների և բնապահպանների բողոքի ֆոնին այն դադարեցվել է 9-12 ամսով: Այս մասին գրում է regionmonitor-ը։
«Մենք պայմանավորվել ենք թուրքական ENKA ընկերության հետ, որ ամեն ինչ ևս մեկ անգամ կստուգվի, այդ թվում և վրաց ու օտարերկրացի մասնագետների ներգրավվածությամբ: Եվս մեկ անգամ կստուգվի նաև ՀԷԿ-ի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, արդյոք այն վնասներ չի բերում»,-նշել է Ղարիբաշվիլին՝ շեշտելով, որ բողոքի ցույցերը Վրաստանի դեմ հիբրիդային էներգետիկ պատերազմի նշաններ են ցույց տալիս:
Մեկնաբանելով տեղի բնակիչների հայտարարությունները, որոնք հնչել են Նամախվանի ՀԷԿ-ի ամբարտակի կառուցման դեմ բողոքի ակցիաների ժամանակ, Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը դրանք որակել է «հակաթուրքական և թուրքաֆոբ»:
«Ինձ համար անսպասելի էր տեսնել ցույցեր, որոնք սկսվեցին համաձայնագիրը ստորագրելուց մեկ տարի անց: Երկրորդը, որ ինձ զարմացրեց, դա հակաթուրքական, թուրքաֆոբ, որոշ դեպքերում իսլամաֆոբ քարոզչությունն էր: Սա մեծ անհանգստություն առաջացրեց, ես հարգում եմ վրացական մշակույթը, ուղղափառ հավատը վրացական ինքնության անբաժան մասն է, սակայն, երբ խաչ են դնում շինհրապարակաում և վստահեցնում, որ չեն ցանկանում Վրաստանում լինի թուրքական ընկերություն, ինձ մոտ կասկածներ են առաջանում, որ դա այն Վրաստանը չէ, որը ես գիտեմ»-Formula հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի դեսպանը:
«Երբ մենք խոսում ենք կրոնական նարատիվի մասին, որը մենք տեսել ենք, եթե ընկերությունները Իսրայելից էին, Իտալիայից, ԱՄՆ-ից, ինչ-որ մեկը խաչ դրե՞լ է: Ես չգիտեմ: Այդ պատճառով ցանկանում եմ մարդկանց հարց տալ. ինչու՞ ենք բերում կրոնական խորհրդանիշ: Կարծում եմ, որ դա շատ զգայուն է: Ես չեմ ուզում, որ դա նախադեպ հանդիսանա թուրքական ներդնողների համար: Դրա հետևում կանգնածները ցանկանում են վերջ դնել երկու բան. Վրաստանում թուրք ներդրողների հարմարավետ հարաբերությունները, երկրորդը վերաբերում է էներգետիկ անվտանգության խնդրին»,-նշել դեսպանը: