Համերգ՝ նվիրված Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ապրիլի 9-ին ժամը՝ 19:00-ին կկազմակերպեն համերգ՝ նվիրված Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Կհնչեն կոմպոզիտորի կամերային-գործիքային ստեղծագործությունները:
Համերգը կկայանա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Ծրագրում. Կվարտետ N 1 (Երևանում կատարվում է առաջին անգամ)
Կվարտետ N 2
Անդանտե և Պրեստո (ջութակի և դաշնամուրի համար)
Արիա և Տոկկատ (ջութակի և դաշնամուրի համար)
Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար N 1 (Երևանում կատարվում է առաջին անգամ)
Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար N 2
Սերենադ (դաշնամուրի և շեփորի համար)
Կատարում են.
«Արս լունգա» դուետը. Ջ. Վարդանյան / դաշնամուր, Ա. Թալալյան / թավջութակ
Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս Յ. Դարյանը / ալտ
Երևանի Պետական Կոնսերվատորիայի Կամերային անսամբլի ֆակուլտետի ուսանողներ.
Ս. Օհանյանը / ջութակ
Ս. Լալայանը / ջութակ
Մ. Շահբազյանը / դաշնամուր
Ա. Պետրոսյանը / ջութակ
Մ. Մաճկալյանը / ջութակ
Շ. Ղուկասյանը / դաշնամուր
Խ. Անդրեասյանը / դաշնամուր
Ա. Պապանյանը / շեփոր
Համերգը իրականացվում է Կոմիտասի անվան Երևանի Պետական կոնսերվատորիայի 100-ամյա հոբելյանի շրջանակում
Ծրագրի նախաձեռնող և գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր գործիչ Արամ Թալալյանն է, համերգը կվարի արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Սահակյանը:
Կոմպոզիտոր, մանկավարժ, նկարիչ Մարտիրոս Սարյանի որդի Ղազարոս Սարյանը (1920-1998 թթ.) իր նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խմբում: Նրա համադասարանցիներն են եղել Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը։ Դպրոցական տարիքից սկսված նրանց ընկերությունը շարունակվել է ողջ կյանքում, դառնալով «Հայկական Հզոր խմբակի» պատմություն։ Իր կրթությունը Ղազարոս Սարյանը շարունակել է Երևանի կոնսերվատորիայում կոմպոզիտորներ Վարդգես Տալյանի և Սարգիս Բարխուդարյանի ղեկավարությամբ, ապա 1934-1938 թվականներին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, Վ. Շեբոլինի դասարանում։
1939 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, 1941–1945 թվականներին դարձել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Այստեղ էլ որպես հրետանա-գնդացրային № 7 զորագնդի լեյտենանտ նրան անվանել են Լազար՝ իր անվան ռուսերեն տարբերակով։ Արժանացել է «Մարտական վասակների համար» և «Մարտական Կարմիր դրոշ» մեդալների և Կարմիր աստղ շքանշանի։ Նաև ղեկավարել է զորագնդի ինքնագործունեությունը, բայան նվագել, գրել երգել։
Պատերազմի ավարտից հետո Ղ.Սարյանն ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, ուր ուսանել է Դմիտրի Կաբալևսկու, Դմիտրի Շոստակովիչի, Ա. Ալեքսանդրովի կոմպոզիցիայի մասնագիտական դասարաններում։ 1950 թվականին, ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան, երիտասարդ կոմպոզիտորը վերադարձել է Հայաստան և նույն թվականից սկզբում դասավանդել Երևանի կոնսերվատորիայում՝ գործիքագիտություն, ապա և մասնագիտական կոմպոզիցիա։
1955-1956 թվականներին Ղազարոս Սարյանը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր, իսկ 1960-1986 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ Նրա գործունեությունն առանձնացել է պրոֆեսիոնալիզմի, ազգայինի, համաշխարհային ստեղծագործական նոր հայտնությունների ներդրման սկզբունքներով։ Իսկ 1986 թվից մինչև կյանքի ավարտը՝ 1998, եղել է ստեղծագործական ամբիոնի վարիչ։ Նրա ստեղծագործական դասարանում իրենց մասնագիտական կրթությունն են ստացել այսօր լայն ճանաչում ստացած կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Ալթունյանը, Ռուբեն Սարգսյանը, Ստեփան Լուսիկյանը, Վարդան Աճեմյանը, Արմենուհի Կարապետյանը և այլք։
1963-1967 թվականներին Ղազարոս Սարյանը, ստանձնելով առաջին տնօրենի պաշտոնը, ղեկավարել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կառուցման և առաջին ցուցադրության կազմակերպման աշխատանքները։