Ձեր ուզած օրը, ձեր ուզած օրենսգրքով ընտրություն անցկացնե՞նք, է՞լ ինչ եք ուզում՝ անենք. Մարուքյան
«Եթե ամբիոնից սուտ տեղեկություն չհնչեցվեր, ես հարց չէի տա, բայց ԼՀԿ-ի որևէ թվականի որևէ ծրագրում չկա գրված, որ մենք պետք է նման ընտրական օրենսգիրք ընդունենք։ Էդ որտեղի՞ց եք ամբոնից նման բաներ խոսում»,-ԱԺ արտահերթ նիստում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին։
Նշենք, որ Հովակիմյանն ԱԺ ամբիոնից ասել էր, թե խորհրդարանական երեք խմբակցություններն էլ ունեն համակարծություն՝ ընտրական օրենսգիրքը փոխելու և ռեյտինգայինից համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ։
Էդմոն Մարուքյանը նկատեց՝ սխալ է, որ տարածքները անտեսվեն ու միայն համամասնական ցուցակով անցկացվեն ընտրություններ։
«Մենք առաջարկել ենք բաց համամասնական տարբերակը, բայց մի ուրիշ հարց էլ տամ, դուք Վենետիկի հանձնաժողով եք ուղարկել մի նախագիծ, իսկ այստեղ լրիվ ուրիշ նախագիծ եք քննարկում։ Ո՞ւմ եք ուզում խաբել, մոլորեցնել»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանը նշեց, որ եթե Էդմոն Մարուքյանն իր նախընտրական քարոզարշավի տեսագրությունները նայի, հաստատ այդտեղ կտեսնի, որ կողմ է եղել ԸՕ փոփոխություններին։
«Ինչ վերաբերում է տարածքներն անտեսելուն, ապա այդ հարցը լուծվում է համամասնական ցուցակով։ Ամեն քաղաքական ուժ ինքն է որոշելու՝ ինչպես ու որտեղից են ներկայացվելու պատգամավորները»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ապա Հովակիմյանը տեղեկացրեց, որ այսօր քննարկվող նախագիծն առկա է հանձնաժողով ուղարկված նախագծերի մեծ փաթեթում։
«Այսինքն՝ այստեղ չկա որևէ նորություն, որը Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվել»,- ասաց նա։
Արձագանքելով՝ Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է ԸՕ նախագիծ, որի հետ ուղարկվել է նաև ԼՀԿ-ի բաց ցուցակով համամասնական ընտրական համակարգի մասին առաջարկը։
«Իսկ այս նախագիծը չի ուղարկվել, դա փաստ է։ Բացի այդ, արտահերթ ընտրությունների օր է նշանակվել, և դրանից հետո միայն դուք ԸՕ նախագիծ եք բերել։ Որքանո՞վ է խաղի ընթացքում խաղի կանոնները փոխելը ժողովրդավարական քայլ։ Ձեր ուզած օրը, ձեր ուզած օրենսգրքով ընտրություն անցկացնե՞նք, է՞լ ինչ եք ուզում՝ անենք, որ լավ լինի ձեր համար»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ նոր ԸՕ նախագիծ գոյություն չունի։
«Գոյություն ունի ԸՕ փոփոխությունների նախագիծ՝ մոտ 130 հոդվածից բաղկացած։ Խաղի կանոններ չի փոխվում, հարգելի՛ պարոն Մարուքյան, այլ ուղղակի ընտրակարգն է պարզեցվում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Հիշեցնեմ, որ ընտրություններն ունենում են ոչ միայն արդյունքներ, այլ նաև՝ հետևանքներ. Գոռ Գևորգյան
- Իշխանությունն առաջարկում է ռեյտինգային ընտրակարգից անցնել համամասնականին
- ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան