Սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները կշարունակեն օգտվել փաթեթի ծառայություններից. Ժորա Սարգսյան
«Բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրենքի շահառուները չեն և չեն էլ համարվելու սրանից հետո, սոցփաթեթի շահառուներ են համարվում պետական պաշտոն զբաղեցնող միջին և ցած օղակի աշխատողները»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտարարեց ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ պարզաբանելով կառավարության այսօրվա ընդունած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:
Նրա խոսքով, փոփոխությունը վերաբերում է բացառապես հնարավորությունների, ծառայությունների ընդլայնմանը:
Վարչության պետը նաև շեշտեց, որ բյուջեից նոր գումարներ չեն հատկացվելու, սոցփաթեթի համակարգում նոր անձինք չեն ընդգրկվելու:
«Սոցփաթեթի շահառու են համարվում պետական համակարգի աշխատողները, ինչպես նաև կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության, գիտության ոլորտի մի շարք աշխատողներ, օրինակ, թանգարանների, գրադարանների, հանրակրթական ուսումնական հաստատությունների, Մատենադարանի, Հայկական ատոմակայանի, սոցիալական հոգածության կազմակերպությունների աշխատողներ»,- տեղեկացրեց Ժորա Սարգսյանը:
Նա հավելեց, որ շահառու են համարվում նաև ԽՍՀՄ-ի և Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատվավոր կոչման արժանացած անձինք, որոնք այս պահին աշխատող էլ չեն, իսկ խոսքը գնում է տարեկան 72 հազար դրամի սոցփաթեթի գումարի մասին:
Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ սոցփաթեթի ծառայությունների 4 ուղղություններին ՝ առողջապահության ծառայություններին, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարմանը, ուսման վարձի վճարմանը, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի կազմակերպմանը, նոր փոփոխությամբ ավելացվել է ևս երկուսը՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորությունը:
«Խոսք լինել չի կարող այն մասին, որ սոցփաթեթի շահառուների ընտանիքների համար հավելյալ սոցփաթեթ է սահմանվում: Ինչպես գործող կարգավորումներով սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները կարողանում էին օգտվել այդ 4 ուղղությունից, այնպես էլ կարող են օգտվել ավելացված երկու ուղղություններից»,- հայտնեց բանախոսը:
Նրա խոսքով՝ փոփոխությունը կարող է ուժի մեջ մտնել և գործել, երբ կընդունվի կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով կհաստատվեն ընթացակարգերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան