Զախարովա․ Վերահաստատում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը
Մոսկվան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների մշակութային և կրոնական վայրերի հարգալից վերաբերմունքի դրսևորման օգտին: Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը: Այս մասին ապրիլի 1-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Բուլղարացի լրագրողի հարցին, թե կարո՞ղ է արդյոք ռուսական կողմը կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վրա, մասնավորապես՝ Շուշիում և Մեխակավանում երկու հայկական եկեղեցիների նկատմամբ վանդալիզմի վերջին գործողությունների արձանագրման ֆոնին, և կա՞ արդյոք նմանօրինակ գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, Զախարովան պատասխանել է․
«Մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է. մենք կողմ ենք արտահայտվում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային և հոգևոր նշանակության կոթողների հանդեպ հարգալից վերաբերմունք դրսևորելուն: Վերահաստատում ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը և յուրաքանչյուր առանձին դեպքի առնչությամբ կապի մեջ ենք գտնվում կողմերի հետ»։