Հայաստանի և Թուրքմենստանի նախարարներն ընդգծել են կարևոր նշանակություն ունեցող մշակութային ժառանգության պահպանումը
Ապրիլի 1-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվել է փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների ամրապնդմանը և առկա ներուժի բացահայտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու վերջիններիս կանոնավոր բնույթ հաղորդելու պատրաստակամությունը:
Որպես համագործակցության գերակա ուղղություններ՝ շեշտվել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար ոլորտները:
Կողմերը բարձր են գնահատել միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԱՊՀ օրակարգային հարցերի շուրջ:
Հանդիպմանն արծարծվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հրատապ հարցեր: Ընդգծվել է երկու ժողովուրդների համար կարևոր նշանակություն ունեցող պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանումը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան