Հիշեցնեմ, որ ընտրություններն ունենում են ոչ միայն արդյունքներ, այլ նաև՝ հետևանքներ. Գոռ Գևորգյան
«Այն, որ ասում եք, թե ընտրություններ անցկացնելը քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ տարբերակն է, դա դասագրքային ճշմարտություն է, բայց հարցս հետևյալն է. դուք՝ որպես ընտրությունների օրակարգն առաջ բերած ուժի ներկայացուցիչ, ունե՞ք որևէ համոզմունք, որ գալիք ընտրությունները թույլ կտան, որ մեր ժողովուրդը հաղթահարի ճգնաժամը»,-ԱԺ արտահերթ նիստում նման հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ դիմելով իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին։
Պատասխանելով հարցին՝ Վահագն Հովակիմյանը նշեց, որ միանշանակ ունի այդ համոզմունքը։
Արձագանքելով՝ Գոռ Գևորգյանն ասաց՝ կա ևս մեկ դասագրքային ճշմարտություն, որ ընտրությունների գնում են հասարակության համախմբվածության շրջանակներում՝ մարտահրավերների մասին համընդհանուր պատկերացում ունենալու պարագայում։
«Հասարակության մեջ առկա խորը անջրպետը, ատելության մթնոլորտը, պարբերաբար հորդացող լուտանքը հազիվ թե հնարավորություն տա մեզ բոլորիս համոզվել առ այն, որ ընտրությունները կարող են այդ բոլոր հարցերի լուծումը տալ։ Հիշեցնեմ, որ ընտրություններն ունենում են ոչ միայն արդյունքներ, այլ նաև՝ հետևանքներ»,- նկատեց նա։
Ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ բարեբախտություն է, որ երկրում տիրող իրավիճակը Գոռ Գևորգյանի տպավորություններին համահունչ չէ։
«Դուք իրավունք ունեք Ձեր կարծիքն ունենալու, բայց բարեբախտություն է, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես դուք եք նկարագրում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունն առաջարկում է ռեյտինգային ընտրակարգից անցնել համամասնականին
- ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան