Ֆրանսիայի նախագահը հանդիպում է ունեցել Իրաքի Քրդստանի նախագահի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Իրաքի Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ, քննարկելու համար քաղաքական հարցեր: Ելիսեյան պալատում անցկացված հանդիպումը տեղի է ունենում Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև լարված հարաբերությունների պայմաններում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն արգելելու ծրագրի մասին: Էրդողանն այս կուսակցությանը մեղադրում է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ֆրանսիայի և Իրաքի Քրդստանի նախագահներն ընդունել են տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու կարևորությունը: Նրանք զրուցել են քրդական շրջանի Փեշմերգայի ուժերի և Իրաքի բանակի միջև համագործակցության կարևորության մասին, որի նպատակը, ըստ նրանց, Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման ուժերի վերախմբավորումը թույլ չտալն է:
Մակրոնը վերահաստատել է Իրաքի ու Քրդստանի ինքնավար շրջանի նկատմամբ Իսլամական պետություն խմբավորման դեմ միջազգային դաշինքի շրջանակներում Ֆրանսիայի աջակցությունը:
Բարզանին իր երախտագիտությունն է հայտնել Մակրոնին ու Ֆրանսիային քրդական ինքնավար պետության նկատմամբ ցուցաբերած աջակցության և օժանդակության համար` միևնույն ժամանակ իր շրջանի պատրաստականությունը հայտնելով Ֆրանսիայի և միջազգային համայնքի հետ աշխատելու ուղղությամբ, «որպեսզի լուծում գտնեն Իրաքում տարաձայնություններին և որ ապահովվի խաղաղությունն ու կայունությունն այս տարածաշրջանում»:
Մակրոնն ու Բարզանին վեր են հանել նաև Սինջարում եզդիների և Նինվեի հարթավայրում քրիստոնյաների կյանքի պայմանների հարցը: Զրուցել են նաև Իրաքում ծրագրված ընտրությունների և Քրդական ինքնավար մարզում ներքին խնդիրների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան