Իշխանությունն առաջարկում է ռեյտինգային ընտրակարգից անցնել համամասնականին
Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանի խոսքով, ռեյտինգային ընտրական համակարգն իր ներդրման օրվանից մշտապես եղել է քննադատության առարկա, և ըստ էության, այդ համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ այն փոխելու։
«Մյուս կողմից առաջիկա ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան հունիսի 20-ին, անցկացվելու են առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։ Եվ այդ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ընդունելի լինի շահագրգիռ բոլոր կողմերի համար։ Ցանկանում եմ ընդգծել, որ ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն»,- նշեց նա։
Ըստ պատգամավորի, կա հանրային պահանջ այս պահին ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու և համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ։
«Առաջարկվող փոփոխություններում, բացի ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու կարգավորումներից, կան նաև կարգավորումներ, որոնք վերաբերում են կորոնավիրուսային հիվանդության առկայության փաստով ստեղծված իրավիճակին։ Աշխարհի բոլոր երկրները կորոնավիրուսի փաստով պայմանավորված, ստիպված վերանայում են համաճարակի պայմաններում ընտրությունների կազմակերպման իրենց մոտեցումները, և միջոցներ են ձեռք առնում կարանտինի պայմաններում ընտրություններ անցկացնելու ուղղությամբ»,- ասաց նա։
Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է սահմանել անհրաժեշտ բոլոր իրավական հիմքերը, որպեսզի ընտրական գործընթացները կարանտինին համահունչ կազմակերպվեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին