Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ հորդորում են սառեցնել Վրաստանին օգնությունը
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ, ներառյալ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը և անդամները, կոչ են անում Եվրամիությանը՝ սառեցնել Վրաստանին հետագա ֆինանսական օգնության հատկացումը՝ իշխանությունների և ընդդիմության միջև քաղաքական երկխոսության փորձերի ձախողումից հետո, որում միջնորդական դեր էր կատարում Քրիստիան Դանիելսոնը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչը: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, ասվում է հինգշաբթի երեկոյան մի խումբ եվրապատգամավորների կողմից տարածված հայտարարության մեջ:
«Այս արդյունքի համար մեղավոր են ինչպես իշխող կուսակցությունը, այնպես էլ բանակցություններում ներգրավված հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, միևնույն ժամանակ հատուկ պատասխանատվությունը դրված է իշխող կուսակցության վրա», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ քաղաքական կուսակցությունների կոմպրոմիսից հրաժարվելու արդյունքում Վրաստանի իշխանությունները չպետք է ակնկալեն ԵՄ-ի հետ հարաբերություններին վերադարձ այնպես, կարծես ոչինչ չի եղել: Եվրախորհրդարանը, մասնավորապես, կոչ է անում կասեցնել Վրաստանին ֆինանսական օգնության հետագա վճարումները և մակրոֆինանսական օգնության մեջ ու Վրաստանի բյուջեին աջակցելու եվրոպական ծրագրերում լրացուցիչ պայմաններ ներառել, ասվում է փաստաթղթում:
Պատգամավորները Վրաստանի իշխող կուսակցությունից պահանջում են ակտիվացնել ջանքերը՝ ընտրական և դատական համակարգերը բարեփոխելու համար:
2021 թվականի ընթացքում Վրաստանը պետք է ԵՄ-ից ստանա մոտ 60 միլիոն եվրո մակրոֆինանսական օգնություն: Եվրոպական խորհրդարանը իրավասություն չունի որոշումներ կայացնել օգնության ծրագրերի իրականացման վերաբերյալ, նրա ձայնն ունի միայն խորհրդակցական նշանակություն: Այս որոշումներն ընդունվում են Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ խորհրդի կողմից:
Դանիելսոնը մարտի 28-ից 31-ը գտնվում էր Թբիլիսիում`օգնելու լուծել Վրաստանի քաղաքական ճգնաժամը: Նրա առաքելությունն ավարտվեց անհաջողությամբ: Նա մի քանի հանդիպում է անցկացրել ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմության հետ: Մեկնումից մեկ օր առաջ դիվանագետին հաջողվեց կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն համաձայնություն ձեռք չբերվեց: