ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Թբիլիսիում Գրիբոյեդովի հուշարձանի պղծման դեպքը
Մոսկվան վրդովված է Թբիլիսիում ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի դեմ կատարված վանդալիզմի արարքից՝ այն համարելով Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խոչընդոտելու փորձ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրն ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Ինչ էլ որ լինի այս արարքը կատարածների դրդապատճառը, նրանք արդարացում չունեն: Քաղաքակիրթ հասարակության մեջ նման արարքը տարակուսանք և մերժում է առաջացնում»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված Զախարովայի մեկնաբանության մեջ:
Նրա խոսքով, նման գործողություններն առավել անընդունելի են, եթե հաշվի առնենք Ա.Ս. Գրիբոյեդովի անձի մեծությունն ու նշանակությունն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի պատմության համար:
Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ Մոսկվան այս միջադեպը և ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների նկատմամբ վերջերս իրականացված սադրանքը համարում է որպես մեկ շղթայի օղակներ: «Մենք դրանք դիտարկում ենք որպես ցանկացած միջոցով ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացը խոչընդոտելու ծայրահեղական ուժերի փորձ»,-շեշտել է Զախարովան:
Նախորդ օրը անհայտ անձինք պղծել էին Գրիբոյեդովի հուշարձանը՝ դրա վրա կարմիր գրություններ անելով:
Պոզները, որն իր ընկերների հետ չորեքշաբթի ժամանել էր Թբիլիսի, ստիպված էր եղել լքել Վրաստանը՝ մայրաքաղաքում ամբողջ գիշեր անցկացված ընդդիմության ցույցերի պատճառով: Ցուցարարները հակառուսական կարգախոսներ են հնչեցրել և իշխանություններից պահանջել են վտարել լրագրողին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մասին նախկինում արած իր հայտարարությունների համար:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ ռուս լրագրողի և նրան ուղեկցող անձանց՝ Թբիլիսի մասնավոր այցի հետ կապված միջադեպը հրահրել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և նրա առաջնորդը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան