Կինոպրեմիերա՝ Վիգեն Ստեփանյանի հիշատակին
Այսօր ժամը19:00-ին Կինոյի տան մեծ դահլիճում կկայանա «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Կինեմատոգրաֆիստների միությունը։
2016 թվականին Վիգեն Ստեփանյանը նկարահանվել է սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի գլխավոր դերում: Ֆիլմն ունեցել է բազմաթիվ արտերկրյա ցուցադրություններ, շրջել փառատոներով, արժանացել մրցանակների, Յալթայի կինոփառատոնում Վիգեն Ստեփանյանն արժանացել է «Տղամարդու լավագույն դերի համար» մրցանակին և այլն…
Վիգեն Ստեփանյանն իր մեծ մասնակցությունն է ունեցել նաև այս ֆիլմի թե բեմադրական աշխատանքներին, թե թարգմանել է սցենարը արևմտահայերեն:
«Ցավոք, ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան տեղի է ունենում առանց Վիգեն Ստեփանյանի: Եվ մենք այն ՆՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ:
Այս ֆիլմն այն մասին է, թե դեպի ո՞ւր ենք մենք գնում: Այս ֆիլմը Հայոց Ցեղասպանության մասին է, բայց այս ֆիլմում չկան զարհուրելի տեսարաններ, չկան արցունքներ… Այս ֆիլմը հիշելու, չմոռանալու, բայց և ապրելու մասին է…»,- նշում են Կինեմատոգրաֆիստների միությունից։
Բեմադրող օպերատորն է Հակոբ Կարանֆիլյանը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Արտաշես Շահվերդյանը, Քրիստինա Զամինյանը, Կարինե Ջանջուզազյանը, Իշխան Ղարիբյանը, Սամվել Դանիելյանը, Յուրի Իգիթխանյանը, Մանուկ Հախվերդյանը, Գրիգոր Բաղդասարյանը և այլ դերասաններ:
Ֆիլմը նկարահանված է Ռ. Փաշինյանի՝ «Տղաս, ո՞ւր է Եփրատը» պատմվածքի հիման վրա և Ռ. Փաշինյանը նաև գլխավոր դերակատար է:
Վիգեն Ստեփանյանը մահացել է այս տարվա հունվարի 19-ին։ Նա 68 տարեկան էր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները