Արցախի ժողովրդի նկատմամբ 2016թ. ապրիլին ադրբեջանական վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել. ԱՀ ՄԻՊ
Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ կապված արցախյան շփման գծում 2016 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետ։
«2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից: Կատարածի համար անպատժելիությունը Ադրբեջանը օգտագործել է չորս տարի անց՝ 2020 թվականի աշնանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միասին լայնածավալ ագրեսիա իրականացնելով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով:
44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը առանց տարբերակման, դիտավորյալ թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, խոշտանգել, անմարդկային վերաբերմունքի ենթարկել ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Անպատժելիության հետևանք է նաև, որ մինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց և շարունակում է վանդալիզի ենթարկել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում հայկական մշակութային հուշարձանները: Ադրբեջանի վարքագիծը այդ երկրում տարիներ ի վեր պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ ինչպես 2016թ. ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և կոպտագույն խախտումները անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար և պետք է արժանանան համարժեք արձագանքի միջազգային կազմակերպությունների և հեղինակավոր իրավապաշտպան կառույցների կողմից»,- ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան