Ալումյանը՝ Դանիբեկյանին. Դուք դա չեք անում, որովհետև Ձեզ վրա կսկսեն ծիծաղել
ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօրվա դատական նիստում, դիմելով սահմանադրական կարգի ենթադրյալ տապակման գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, ասաց՝ նա կարգ է խախտում։
«Երբ դուք մտնում եք դահլիճ, ոտքի են կանգնում, նստում են, դրանից հետո դատարանը պետք է հայտարարի, թե որ գործն է քննվում այդ օրը։ Դուք չեք հայտարարում, թե որ գործն է քննվում։ Ես հիմա բոլորի համար կբացատրեմ, թե ինչու դուք չեք ասում, թե որ գործն է քննվում։ Դուք պարտավոր եք ասել, որ դատարանը քննության է առնում քրեական գործ՝ Ռոբերտ Քոչարյանի՝ Քրեական օրենսգրքի էսինչ հոդվածով, Յուրի Խաչատուրովի՝ Քրեական օրենսգրքի էսինչ հոդվածով, Սեյրան Օհանյանի՝ Քրեական օրենսգրքի էսինչ հոդվածով, Արմեն Գևորգյանի՝ Քրեական օրենսգրքի էսինչ հոդվածով։ Դուք դա չեք անում»,- ընդգծեց Ալումյանը։
Նա բացատրեց, Դանիբեկյանը դա չի անում, քանի որ չի կարող հայտարարել, որ դահլիճում նստածներից որևէ մեկը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով։
«Ձեզ վրա կսկսեն ծիծաղել։ Դուք դատարանը դրել եք ծիծաղելի սուբյեկտի տեղ»,- ասաց Ալումյանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ դատարանը թույլ չի տալիս շարունակել ելույթը։ Նա Ալումյանին հարցրեց, անցած մեկ տարվա ու յոթ ամսվա ընթացքում դատարանը հայտարարե՞լ է։
Ալումյանն արձագանքեց՝ հիմա են ուշադրություն հրավիրում դրան։
«Հիմա ես խնդրում եմ ու պահանջում եմ հայտարարել ի՞նչ քրեական գործ է այստեղ քննվում ի՞նչ մեղադրանքով, դրանից հետո միայն անցնենք մասնակիցների վարքագծին»,- հայտարարեց Ալումյանը։
Դանիբեկյանը նշեց, որ փաստաբանը դուրս է գալիս կոռեկտության սահմաններից։ Խոսքի իրավունքը փոխանցեց փաստաբան Հովհաննես Խուդոյանին։
«Մենք դատարանի դահլիճը լքել ենք որպես փաստաբաններ՝ մեր վստահորդի լավագույն շահերից ելնելով, որպեսզի թույլ չտանք նրա նկատմամբ իրականացվի ապօրինի պրոցես։ Եւ որպես վերջին գործիք, քանի որ Դուք թույլ չէիք տալիս, որ մենք նույնիսկ հայտարարություն կատարեինք կամ առարկեինք Ձեր գործողությունների դեմ»,- ասաց Խուդոյանը։
Փաստաբանը որպես երկրորդ շարժառիթ նշեց՝ իր մոտ կարծիք ու տպավորություն է ստեղծվել, որ Դանիբեկյանի նկատմամբ ուժեղացել է ճնշումը՝ ապօրինի գործողություններ կատարելու։
«Կարող եմ ասել, որպես դատարանի դահլիճը լքելու երկրորդ շարժառիթ, դա իմ օգնության ձեռքն էր՝ ուղղված Ձեզ, որպեսզի Դուք ապօրինությունները չշարունակեք»,- նշեց Խուդոյանը։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ փաստաբանների վարքագծի մասին խոսելիս վկայակոչեց Քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը, մեջբերեց՝ փաստաբանը պարտավոր է դատական նսիտերի դահլիճը չլքել առանց նախագահողի թույլտվության և մինչև այդ նիստում ընդմիջում հայտարարելը։
«Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Իմ գնահատմամբ, փաստաբանի վարքագիծը չի համապատասանում փաստաբանի վարքագծի կանոններին ու խախտել է Քրեական դատավարության օրենգրքի պահանջները, հետևաբար ենթակա է կարգապահական պատասխանատվության»,- ասաց դատախազը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց՝ մի քիչ զարմացած է, որ իրենց դիմումի պարագայում դատարանում քննարկվում է իրենց վարքագծի հարցը։ Պազաբանեց՝ չեն ներկայացել, քանի որ երկուշաբթի երեկոյան ժամը 21։00-ին մոտ հրապարակվել է ՍԴ որոշումը, որը կապ ունի սույն գործի հետ։
«Մենք միջնորդություն ունեինք դատարանին ներկայացնելու, իսկ մինչև երեքշաբթի ժամը 13։00-ին չէինք հասցնի։ Դրա համար խնդրել էինք հետաձգի մինչև հաջորդ երեքշաբթի։ Նիստը նշանակվել է այսօր, ներկայացել ենք պատրաստ»,- ասաց նա։
Նիստին կարող եք հետևել Yerevan. Today-ի ուղիղ հեռարձակմամբ։
Նշենք, որ այսօրվա դատական նիստում դատավոր Դանիբեկյանը նախ անդրադարձավ մարտի 23-ին ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից նիստը լքելուն, ապա նաև մարտի 30-ին դատախազների կողմից նիստին չներկայանալու վարքագծին։
Իսկ դատական նիստի մեկնարկից րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79 հոդվածներին։
Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:
ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Ինձ մոտ հիմնավոր կասկած կար, որ մարտի 23-ի նիստում՝ այդ պահին դատավորի վրա ճնշում կար
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՍԴ
- Դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը
- Արթուր Ղամբարյան. ՍԴ որոշման պատճառաբանական մասը գերազանցեց իմ սպասումները
- ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը
- Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
- ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան