«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովն այդպես էլ չկատարեց իր առջև դրված խնդիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի 5-րդ տարին: Եվ մինչ թվում էր՝ ապրիլյան պատերազմը պետք է դաս լինի բոլոր իշխանությունների համար, 2020 թվականի 44-օրյա պատերազմն ավելի ցավոտ հետևանքներ ունեցավ, անդառնալի կորուստներ կրեցինք:
Մինչև 44-օրյա պատերազմը ներկայիս իշխանությունները խոստանում էին բացահայտումներ կատարել նախորդ իշխանությունների արարքների մասին և այդ նպատակով խորհրդարանում անգամ ստեղծել էին 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ժամանակավոր նախագահ Անդրանիկ Քոչարյանը հոխորտում էր, թե բացահայտումներ են անելու, որ նախորդ իշխանությունների օրոք պատերազմը պայմանավորված է եղել, զենք ու փամփուշտ չի եղել և այլն։
Հանձնաժողով էր այցելել անգամ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն շուրջ երկու տարվա գործունեությունից հետո ունենք մի իրավիճակ, երբ ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունն այդպես էլ չհրապարակվեց, և ավելին՝ ուսումնասիրությունների ընթացքում պարզ դարձավ, որ շատ բաներ պարզապես միֆ են եղել:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր. «Բանակային յուրաքանչյուր միջոցառում վերլուծվում, և արդյունքներն ամփոփվում են։ Ի՞նչ եք կարծում, ապրիլյան պատերազմը չի՞ վերլուծվել, դասեր չե՞ն քաղվել։ Անկասկած քաղաքացիական վերահսկողությունը ԶՈՒ նկատմամբ, նոր, թարմ հայացքն ինչ-որ մի բան կարող է հուշել, բայց նորից եմ ասում՝ ես լինեի, այդ հանձնաժողովը չէի կազմի»: Ի պատասխան՝ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն ասել էր. «Սեյրան Օհանյանը սարսափի մեջ է, թող հանգստացնող դեղեր խմի, հանգիստ նստի տեղը»:
Բայց այսքանից հետո Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովն այդպես էլ չկատարեց իր առջև դրված խնդիրը, եզրակացության հրապարակումը ընդհանրապես դարձավ հակաօրինական, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո անհրաժեշտություն է առաջացել քննել արդեն այս իշխանությունների արարքները: Մինչ այդ պետք է արձանագրել, որ մեր հողերի հանձնման գործընթացի սկիզբը դրվեց 2016 թվականին՝ Լելե Թեփեի բարձունքով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում