
Ուկրաինացի զինվորականները վարժանքներ են անցկացրել Ղրիմի հետ սահմանին
Ուկրաինայի զինված ուժերն ինժեներական ստորաբաժանումների, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ զորավարժություններ են անցկացրել՝ Ղրիմի հետ սահմանին ականապատ արգելքները վերազինելու համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ հրամանատարության մամուլի ծառայությունը:
«Ինժեներական և սակրավորական ստորաբաժանումների զինծառայողները, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում Ղրիմի Ինքնավար Հանրապետության սահմանին Սև ծովի և Ազովի ծովի երկայնքով, հրետանու և բանակի ավիացիայի աջակցությամբ, գործնական զորավարժություններ են անցկացրել ականապատ արգելքների տեղակայման նպատակով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ հրամանատար Սերգեյ Նաևը, ռազմական պահեստային ուժերը գրեթե ամեն շաբաթ ափամերձ տարածքներում գործողություններ են իրականացնում նավերից պոտենցիալ թշնամու ծովային հետևակի հարձակմանը հակազդման և դրա ամբողջական ոչնչացման սցենարների իրագործման նպատակով: