Արտասահմանցի մեծ թվով երաժիշտներ կմասնակցեն Երևանում կայանալիք դուդուկահարների մրցույթ-փառատոնին
Երևանում ապրիլի 5-ից մայիսի 5-ը կանցկացվի դուդուկաների միջազգային մրցույթ-փառատոն երեք փուլուվ մինչև 22 տարեկան երաժիշտների մասնակցությամբ: Ասուլիսում հայտնեց դուդուկահար, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Էմմանուել Հովհաննիսյանը:
«Փորձել ենք տարբեր փուլերի ընթացքում ներկայացնել հայկական ժողովրդական երաժշտության տարբեր ճյուղեր՝ հոգևոր, աշուղական, պարային, ծիսական, որպեսզի ամբողջությամբ կարողանանք ներկայացնել այն երգացանկը, որը հնարավոր է կատարել դուդուկի վրա»,- ասաց նա:
Է.Հովհաննիսյանը նշեց, որ բավականին շատ մասնակիցներ ունեն: Նա ասաց, որ մեծ թիվ են կազմում նաև արտասահմանցի մասնակիցները ՌԴ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Դանիայից, Բելգիայից, որոնք հետաքրքրված են հայկական երաժշտությամբ, դուդուկով, ինչն ուրախալի փաստ է: Արտասահմանցի բոլոր դուդուկարների դուդուկի դասատուները հայեր են:
«Մրցույթի հիմնական նպատակն այն է, որպեսզի ևս մեկ անգամ աշխարհին ապացուցենք, որ դուդուկի լավագույն դպրոցը հայկականն է, դուդուկի լավագույն վարպետները միշտ հայ վարպետներն են եղել: Ունենք այսօր աճող, վարպետների հետևից գնացող սերունդ, որը հետագայում նույնպես կապացուցի հայկական դուդուկի լավագույնը լինելու իրականությունը»,- ասաց Է. Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մրցույթի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում տեսել են հարևան երկրի երաժիշտներից մեկը դուդուկ էր նվագում. «Տիրանալով մեր տարածքներին, միգուցե այդպես փորձում էին նաև մեր մշակույթին տիրանալ, բայց քանի որ ունենք լավագույն դուդուկարների բանակ, պետք էր մի բան նախաձեռնել ու լավագույն պահն էր նախաձեռնել հենց դուդուկի մրցույթ»:
Էմմանուել Հովհաննիսյանը հայտնեց, որ մասնակիցների բոլոր ելույթները տեղադրվելու են համացանցում, վստահ է, որ կսփռվի ողջ աշխարհում և ևս մեկ անգամ կապացուցվի, որ դուդուկի լավագույն դպրոցը հայկականն է: Հույս ունի՝ ամեն տարի տեղի կունենա այս մրցույթը:
Երաժիշտ, Գուրջիևի անվան ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն էսկենյանն ասաց, որ երբ քո ունեցած արժեքներին ուշադրություն չես դարձնում, դրանք գնահատում են կողքինները, փորձում են իրենցով անել ու իրենց վերագրել, բոլորն էլ սկսում են բնականորեն ընդունել, որ այդպես է:
«Ամբողջ աշխարհում հետաքրքիր է այն, թե ինչն է բարձրարժեք ձևով ներկայացվում: Կապ չունի՝ ով է դա ներկայացնում, բայց ընկալվում, ասոցացվում է նրա հետ, ով բարձր կատարողականությամբ և բարձրարժեք ձևով նեկայացնում է այդ ամենը», - ասաց երաժիշտը:
Նա ցանկություն հայտնեց, որ հայկական մյուս նվագարանները ևս նման ուշադրության արժանանան, անցկացվեն փառատոներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին