Մեր պարտքն է՝ հայտնաբերել բոլոր մեղավորներին, որպեսզի հետագայում էլ մեր սերունդներին չտանեն զոհաբերության. Զոհված զինծառայողի հայր
Ազնիվ էր, անարադարությունը չէր հանդուրժում, ընկերասեր էր, ընկերոջ համար ամեն ինչ կաներ։ Այսպես է նկարագրում տիկին Աննան իր որդուն՝ Հայկազ Մկրտչյանին, ով զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հետմահու տեղի ունեցավ սերժանտ Հայկազ Զավենի Մկրտչյանի պարգևատրման արարողությունը։ Նա ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Որդու հետ վերջին անգամ խոսել է հենց հոկտեմբերի 29-ի երեկոյան, վիրավորելուց 1,5 ժամ առաջ.
«Ասաց՝ այսօր շատ հոգնած ենք։ Հետո իմացանք, որ բավականին ծանր առաջադրանք էին ունեցել, 40 կմ տարածք էին պահել այդ օրը։ Սպասեցիքն, որ էլի կգրի, այդպես էինք պայմանավորվել, սակայն...
Վախ իր մեջ ընդհանրապես չկար։ Իր բնակավորությամբ միշտ ռիսկի գնացող էր։ Տղաներն էին պատմում, որ ընկճվում էր միայն այն ժամանակ, երբ նահանջի հրաման էին տալիս»։
Տիկին Աննան նշեց, որ վախենում է անգամ պատկերացնել, թե ինչպես կարձագանքեր իր տղան, երբ իմանար պատերազմում պարտության, հողերի հանձնման մասին։
«Միանշանակ, չէր կարողանալու հանդուրժել»,- նշեց նա։
Զոհված զինվորի մայրը նշեց, որ այս իշխանությունները պետք է հրաժարական տան, քանի որ այն վիճակը, որ կա երկրում, եղել է պատերազմի ժամանակ, անթույլատրելի ու անհանդուրժելի է։
«Այդքան զոհեր մենք չպետք է ունենայինք։ Մեր երեխաներն անպաշտպան են եղել օդից, խրամատներ դանակով ու իրենց ձեռքերով են փորել»,- նշեց տիկին Աննան։
Նա զայրացած է նաև, որ բացի ՄԻՊ գրասենյակից, որևէ այլ կառույց գրեթե չի զբաղվում գերիների վերադարձի հարցով։
«Այնպիսի տպավորություն է, կարծես զուգահեռ իրականության մեջ ենք ապրում՝ մի կողմում մարդիկ իրենց գործն անում են անկախ նրանց՝ ինչ եղել է, մյուս կողմում այլ իրականություն է, որում մենք ենք ապրում․ Նման բան մեր հասարակության մեջ չպետք է լիներ»,- ասաց Հայկազ Մկրտչյանի մայրը։
Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանն ասաց, որ հրամանատարությունն իմանալով, թե ինչպիսի մարտական ակտիվ գործողությունների են մասնակցել մեր տղաները հուլիսին՝ Տավուշում, այդ հերոս մարտիկներին ներգրավվել է Արցախյան պատերազմում։
«Եվ իրենք չեն սխալվել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Արցախյան պատերազմում իրենք վնասազերծել են թշնամու 600-800 կենդանի ուժ։ Ես հպարտությամբ եմ այդ ամեն ինչ ասում, քանի որ այդ մասին տղաս է ասել, ես դրանում չեմ կասկածում նույնիսկ մի վայրկյան։ Այլ բան է, որ հրամանատարությունը դրա մասին համեստորեն լռում է», - ասաց Զ. Մկրտչյանը։
Նա ափսոսում է, որ տղան նման ձևով է ավարտել կյանքը, բայց սփոփվում է նրանով, որ իր զոհաբերած կյանքով Հայկազը փրկել է հարյուրավոր ընտանիքների, իրեն հասկակակիցների։
«Ափսոս, իր նման հազարավոր մարտիկներ չվերադարձան իրենց ընտանիքներ։ Նրանք շատ օգուտ կարող էին տալ մեր ազգին բոլոր բնագավառներում՝ գիտական, մարզական, մշակութային։ Մի ամբողջ ոսկե սերունդ կորցրեցինք։
Հույս ունեմ, որ այդ ցեղասպանության պատասխանատուներն ի վերջո պատասխան կտան ողջ ժողովրդի առաջ։ Կապ չունի, թե հիմա ինչ պաշտոն են զբաղեցնում, որերորդ պատասխանատվություն են կրում։ Բոլորը պետք է պատասխան տան պատմության առաջ։ Ես դրանում չեմ կասկածում։
Կարծում եմ մեր բոլոր զոհված զինվորների ծնողների պարտքն է, որպեսզի ի հայտ բերենք բոլոր մեղավորներին, որպեսզի նման դեպքեր, եթե հանկարծ նորից կրկնվեն, ինչը հնարավոր է, նման սխալներից զերծ մնանք, չլինեն այնպիսի մարդիկ, որոնց վրա եթե որոշումներ կայացնելու պատասխանատվություն է դրված, մեր սերունդներին չտանեն զոհաբերության, անարդյունավետ կորուստների», - ասաց Զավեն Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եռաբլուրում տեղի ունեցավ Հայկազ Մկրտչյանի հետմահու պարգևատրումը
- Ցավում եմ՝ մեր որդիների արյան գնով պահած հողն այսօր թշնամու ձեռքում է. Ապրիլյանին զոհված զինծառայողի մայր
- 1990-ականներին ազատագրեցինք մեր տարածքները թշնամուց, Ապրիլյանի մեր տղաները պահեցին, հետո… Ադամ Սահակյանի մայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան