Ուկրաինան պատրաստվում է քարոզչության դեմ պայքարի միջազգային հանգույց ստեղծել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պոլինա Լիսենկոյին նշանակել է ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար: Այս մասին գրում է news.ru-ն։
Ինչպես պլանավորել է Ուկրաինայի ղեկավարը, այս կենտրոնը կդառնա ամբողջ աշխարհում քարոզչության դեմ պայքարի միջազգային հանգույց: Կիևը կհամագործակցի նման փորձ ունեցող արևմտյան գործընկերների և ՆԱՏՕ-ի հետ:
Նշվում է, որ Պոլինա Լիսենկոն մինչ նշանակվելը ծառայել է որպես Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի վարչության պետ:
Ավելի վաղ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Էրմակը հայտարարել էր, որ Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը դիմադրելու է այն քարոզիչներին, ովքեր փորձում են ապակայունացնել իրավիճակը երկրի ներսում և գժտեցնել Ուկրաինային ու նրա դաշնակիցներին: Այս մարմինը ստեղծվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հիման վրա։