Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը և սկսում մարզային այցելությունները. «Հայրենիքի փրկության շարժում»
«Հայրենիքի փրկության շարժումը» այսօր՝ ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։
Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։
Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը դադարել է կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր պարտականությունները՝ դառնալով ամուլ, անսկզբունքային, սեփական քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում չունեցող մարդկանց հավաքականություն, որն ուղղակի վերածվել է հայրենադավ իշխանության ու անձամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքում լոկ քվեարկության կոճակ սեղմողի:
Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը՝ հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին։
Դավաճանի հեռացման համաժողովրդական պահանջը պետք է միասնաբար վերածենք համաժողովրդական պայքարի՝ կանխելով նորանոր զիջումներն ու թրքահաճո քաղաքականությունը:
Առաջին հանդիպման վայրն ու ժամը՝ ապրիլի 6 (երեքշաբթի), ժամը 14։00, Սևան քաղաք, Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիքի փրկության շարժում. Մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են
- Հայրենիքի փրկության շարժում. Մարտի 28-ին ժամը 15։00-ին հրավիրվում է համապետական հանրահավաք
- Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատեում է՝ շարունակում է նույն ձևաչափով գործունեությունը