Ռազմական ագրեսիային հաջորդում են ծավալապաշտական նկրտումները ՀՀ տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն.
«Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը բավականին մտահոգիչ է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից:
Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական երկրների հասարակություններում: Դրանով Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ փորձելով թյուրքական և մահմեդական աշխարհները համախմբել Ադրբեջանի նկրտումների շուրջ:
Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով տեղափոխում է պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ այսպիսով ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին:
Եվ այս համատեքստում Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր եռադաշինքի առաջին լուրջ աշխարհաքաղաքական հայտը հանդիսացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան: Դրան հաջորդում են ծավալապաշտական նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ:
Միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի բացակայության ներքո այլ տարածաշրջաններում ևս անշուշտ տեղի են ունենալու համանման գործողություններ, որոնք համաշխարհային անվտանգության համար հղի են անկանխատեսելի հետևանքներով»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ներկայիս օկուպացիոն ռեժիմը համաձայնել է Սյունիքի վրայով միջանցք տրամադրել Թուրքիային և Ադրբեջանին. Վարուժան Գեղամյան
- Ալիևը փորձելու է հայաթափել Արցախում, Սյունիքում այն տարածքները, որոնք չկարողացավ ստանալ. Անժելա Էլիբեգովա
- Ինչպես 140 կմ եկան ու հասան մինչև Սյունիք, 140 կմ էլ այն պատերազմին գան ու կհասնեն Երևան. Սիսիանի քաղաքապետ
- Իրենք կարող է ուզեն հանձնել Սյունիքը, բայց չեն կարող, տվող չկա. Պատերազմի մասնակից