Եռաբլուրում տեղի ունեցավ Հայկազ Մկրտչյանի հետմահու պարգևատրումը
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Հայկազ Զավենի Մկրտչյանի պարգևատրման արարողությունը, որը կազմակերպվել է Երրորդ բանակային կորպուսի կողմից։ Նա հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։
Հայկազը 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ, հաստիքը՝ հաշվարկի հրամանատար։ Հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախման ժամանակ մասնակցել է Չինարի մարտերին։ Հոկտեմբերի 14-ից մասնակցել է Ջրականի, Տաղավարտի, Դրախտիկի և Ազոխի մարտերին։ Վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայում, մահացել նոյեմբերի 9-ին։
Հայկազի քուրը՝ Արևիկը, լրագրողներին պատմեց, որ եղբայրը շատ ուրախ մարդ էր, ժպիտը միշտ դեպքին, ծառայության ընթացքում էլ միշտ ուրախ է եղել. «Պատերազմի օրերին զրուցում էինք հետը, ասում էր՝ գիտես, ինչքան թուրքի անուն է գրվել քարերին իմ ձեռքով, մեր գնդի ձեռքով։ Ասում էր՝ հաստատ հաղթելու ենք, վստահ էր՝ հետ է գալու»։
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանն ասաց, որ համալսարանը ոչ միայն գիտելիքներ է տալիս, նաև դաստիարակում է որպես քաղաքացի։
«Պետք է ցավով նշեմ, որ ԵՊՀ-ն ունեցավ 60-ից ավելի նահատակներ, անհետ կորածներ։ Բոլորն էլ՝ որպես արժանի համալսարանականներ, մինչև կայնքի վերջին վայրկյանը պայքարեցին հանուն հայրենիքի և նահատակվեցին»,- ասաց նա։
Վարագյանի խոսքով, իրականում նման պարգևատրումների կարիք մեր տղաները չունեն. «Այս արարողությունները ողջերիս են պետք, որպեսզի կարողանանք ու գնահատենք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով պահպանեցին մեր հայրենիքը և հետագա սերունդներին կարողանանք դաստիարակել հենց իրենց օրինակով։
Այս արարողություններն իրականում մեր հասարակությանն արթնացնելու, ճիշտ ուղղորդելու, դաստիարակելու համար է»։
Նա նշեց, որ դժվար է Եռաբլուրում խոսել դավաճանների մասին, որոնք դավաճանեցին բանակը։ Վարագյանը վստահ է՝ հայկական բանակը կռվել է ինչքան հնարավոր է եղել, զինվորներն իրենց կյանքի գնով պահել են մեր հայրենիքը։
«Ապրիլյան պատերազմում մենք հաղթեցինք, բայց մեր հասարակությունը դասեր չքաղեց, ու մենք ունեցանք այս պատերազմը։ Ապրիլյանի ու 44-օրյա պատերազմի նահատակները մեզ ուժ են հաղորդելու, ուղղորդելու են դեպի նորանոր հաղթանակներ»,- ասաց Վ. Վարագյանը։
Նա նշեց, որ բանակի ողնաշարը կոտրելով՝ կոտրվելու է ՀՀ ողնաշարը, ամեն ինչ անելու են, որպեսզի որևէ մեկը չկարողանա կոտրել մեր բանակի ողնաշարը։
Հարակից հրապարակումներ`
- Ցավում եմ՝ մեր որդիների արյան գնով պահած հողն այսօր թշնամու ձեռքում է. Ապրիլյանին զոհված զինծառայողի մայր
- Նարեկ սարկավագ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
- Հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի մեդալը դեռ ծնողներին չեն հանձնել
- Հետմահու պարգևատրվել են Արմավիրից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայող
- Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում