«Եվա»-ն Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատոնին արժանացել է Հանդիսատեսի մրցանակին
Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմը արժանացել է մարտի 17-21-ը տեղի ունեցած Հռոմի Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատոնի Հանդիսատեսի մրցանակին։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Դադիվանք գյուղում ղարաբաղյան առաջին պատերազմից մի քանի տարի անց։ Ֆիլմը այն մասին է, թե ինչպես է պատերազմը երկարաժամկետ առումով ազդում մարդակային ճակատագրերի վրա՝ պատճառելով ցավ և տառապանք:
Մրցանակաբաշխության արարողության ընթացքում ելույթ ունեցան նաև ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիդ Աբադը:
Հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրությունն է: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․
Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։
Հարակից հրապարակումներ`
- «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից
- Հայաստանում անթույլատրելի են համարում Թուրքիայում «Եվա» ֆիլմի ցուցադրումն արգելելը
- Շատ քիչ մարդ է հավատացել, որ այս ֆիլմը կէկրանավորվի. «Եվա» ֆիլմի ռեժիսոր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները