«Ժողովուրդ». Մարտի 1-ի 10 զոհերից որևէ մեկի մահվան հանգամանքն այդպես էլ բացահայտված չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ գլխավոր դատախազությունը պնդում է, թե 2008 թվականի մարտի 1-ի ժամանակ 10 անձի մահվան դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, սակայն հեղափոխությունից մինչ օրս այդ մասով որևէ բացահայտում առկա չէ, և ներկայիս իշխանությունները բավարարվել են միայն նախկին պաշտոնյաներին մեղադրանքներ առաջադրելով։ Եվ ինչպես Սահմանադրական դատարանը համարեց, մեղադրանքներն էլ հակասահմանադրական էին և անվավեր։
Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը, որտեղ առկա են մանրամասներ նաև այս գործի քննությունից։ Օրինակ՝ հաշվետվության մեջ հանդիպում ենք այսպիսի նախադասության. «10 անձի մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննվել են բազամաթիվ անձինք, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, զննություններ, և հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ գրավոր հանձնարարություններ»։
Սակայն այսօրվա դրությամբ փաստ է մեկ բան՝ 10 զոհերից որևէ մեկի մահվան հանգամանքն այդպես էլ բացահայտված չէ։ Դատախազության հաշվետվության համաձայն՝ ներկայումս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 12 անձ: 2020 թվականի ընթացքում նշված քրեական գործով որպես վկա հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, քաղաքացիներից և պետական տարբեր հիմնարկներից կատարվել են 10-ից ավելի առգրավումներ, կատարվել են 15-ից ավելի խուզարկություններ, նշանակվել են 50-ից ավելի փորձաքննություններ, փորձաքննության է ներկայացվել ավելի քան 2000 միավոր հրազեն և մեծ քանակությամբ զինամթերք, սակայն, ըստ էության, ոչինչ չի բացահայտվել, քանի որ իշխանությունների համար գերխնդիր էր ոչ թե սպանությունների բացահայտումը, այլ նախկին պաշտոնյաներին ճաղերի հետևում տեսնելը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: