«Ժողովուրդ». Ոչխարի գլխաքանակի 8.4% ավելացումը բավարար չէ ոչխարաբուծությունը զարգացնելու համար. Մասնագետներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը նախորդ տարվա ընթացքում արտահանել է 113 հազար 200 հատ ոչխար ու այծ, իսկ ներմուծել՝ 4 հազար 387 հատ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի շատ թվով ոչխար արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Կատար:
Ի դեպ, պաշտոնապես Հայաստանում ոչխարի գլխաքանակը 8.4 տոկոսով կամ 53 հազար 841-ով ավելացել է, այսինքն՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում ոչխարի գլխաքանակը կազմել է 693 հազար 439, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 639 հազար 598:
Ոչխարի գլխաքանակի այսչափ ավելացումը, մասնագետների խոսքերով, բավարար չէ ոչխարաբուծությունը զարգացնելու համար: Կհիշեք՝ տարիներ առաջ ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը Հայաստանից հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, ոչխարի, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր առաջացրեց անասնաբուծության այս ճյուղում: Պատճառն այն է, որ մարդիկ վաճառեցին իրենց ոչխարները եւ չկարողացան լրացնել խմբաքանակը, իսկ ոչխարի վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում:
Մյուս կողմից՝ Հայաստանում 9.1 տոկոսով կամ 23 հազար 31-ով պակասել է խոզերի գլխաքանակը: Եթե 2020 թվականին խոզերի գլխաքանակը կազմել է 223 հազար 252, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ այն 200 հազար 221 է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի քիչ քանակությամբ խոզ է ներմուծվել ՀՀ, քան 2019-ին: ՊԵԿ-ի տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանը ներկրել է 129 հատ խոզ, իսկ 2019-ին ՝ 605»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: